ՌԴ-Ն ՀԱՄԱՐԺԵՔ ՔԱՅԼԵՐ Է ՁԵՌՆԱՐԿՈՒՄ. ՇՈՅԳՈՒ
Նոր սպառնալիքների պատճառով Ռուսաստանում մինչև 2022 թվականի վերջն Արևմտյան ռազմական շրջանում կստեղծվի 12 զորամաս և ստորաբաժանում, հայտարարել է պաշտպանության նախարարը: Սերգեյ Շոյգուի խոսքով Ռուսաստանի սահմանների մոտ ռազմական սպառնալիքներն աճում են արևմտյան ռազմավարական ուղղությամբ, ամենամոտ հարևանները՝ Ֆինլանդիան և Շվեդիան են, որոնք դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: «Մենք համարժեք քայլեր ենք ձեռնարկում»,- նշել է Շոյգուն: Խոսելով ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին, Ռուսատստնի ՊՆ-ը հայտարարել է, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը մոտենում է ավարտին: Նրա խոսքով՝ Ուկրաինայի Զինված ուժերը, փորձելով հետաձգել ռուսական զորքերի առաջխաղացումը, տեղի բնակիչներին բաց չեն թողնում քաղաքներից ու ավաններից՝ նրանց օգտագործելով որպես կենդանի վահան։ «Կիևի վարչակարգը, ցամաքում կրելով պարտություն, ձգտում է որոշ ոլորտներում գոնե կարճաժամկետ հաջողությունների հասնել՝ դրանք ներկայացնելով որպես հիմնական»,- ընդգծել է նախարարը։ Շոյգուի խոսքով՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում արգելափակված ազգայնականներից ավելի քան 1900-ն արդեն հանձնվել է ռուսական կողմին։
ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒԺԵՐՆ ԱՎԵՐԵԼ ԵՆ ԴՈՆԲԱՍԻ ՇՐՋԱՆԸ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ռուսական ուժերը ամբողջությամբ ավերել են Ուկրիանայի Դոնբասի շրջանը՝ հայտարարել է երկրի նախագահն ու Մոսկվային մեղադրել անիմաստ ռմբակոծություններ իրականացնելու համար: Նա նախազգուշացրել է՝ Ռուսաստանը պատասխանատվության է ենթարկվելու: Իր ուղերձում Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Սենատի կողմից հաստատված 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթի համար: Ուկրաինայի բյուջեի ամսական դեֆիցիտը կազմում է 5 միլիարդ դոլար՝ հայտնել է Զելենսկին ու շեշտել, որ պատերազմին դիմանալու համար Կիևին անհրաժեշտ է արագ և բավարար ֆինանսական աջակցություն: «Դա պարզապես նվեր չէ գործընկերների կողմից. սա նրանց ներդրումն է իրենց իսկ անվտանգության համար»՝ եզրափակել է Վոլոդիմիր Զելենսկին:
ԻՆՉՊԵՍ Է ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԿԱՍԿԱԾՆԵՐԻՆ
Մոսկվան կասկածներ ունի, որ ուկրաինական հացահատիկը տեղափոխում են եվրոպական երկրների պահեստարաններ՝ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: «Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ հացահատիկը ոչ թե գնվում է սովի մատնված համաշխարհային հարավի կարիքների համար, այլ մղվում է եվրոպական երկրների ամբարներ։ Մեզ համար պարզ է, որ Ուկրաինան վճարում է Արևմուտքին մատակարարվող զենքի համար:Նեբենզյան նաև ասել է, որ պարենային ճգնաժամն աշխարհում չի հրահրվել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության պատճառով։ Ըստ Ռուսաստանի մշտական ներկայացուցչի՝ այն սկսվել է դեռևս 2020 թվականին, երբ մոտ 155 միլիոն մարդ 55 երկրում ենթարկվել է սպառնալիքների պարենային անվտանգության ոլորտում։
ՄԱԿ-ում Եվրամիության մշտական ներկայացուցիչ Օլաֆ Սկուգը քննադատել է Նեբենզյայի այն միտքը, թե Ուկրաինան արևմտյան երկրներին ցորենով է վճարում զենքի մատակարարման համար։ Իսկ ԱՄՆպետքարտուղար Էնթոնի Բլինկենը ընդգծել է, որ միլիոնավոր մարդկանց սնունդն ամբողջ աշխարհում բառացիորեն պատանդ է պահվում ռուս զինվորականների կողմից:
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅՈՒՄ Է
ԱՄՆ նախագահը Հարավային Կորեայում է: Սա այդ պաշտոնում՝ Ջո Բայդենի Ասիա կատարած առաջին այցի առաջին փուլն է: Հարավային Կորեայում Ջո Բայդենը հանդիպել է երկրի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ: Հարավային Կորեայի ղեկավարը հույս է հայտնել, որ Սպիտակ տան առաջնորդից երաշխիքներ կստանա, որ Վաշինգտոնն հանձնառու է շարունակել Հյուսիսային Կորեայի սպառնալիքները զսպելու ջանքերը: Փորձագետները կարծում են, որ այցի ընթացքում Ջո Բայդենը օրակարգ կբերի տարածաշրջանում Չինաստանի ներկայությանը հակազդելու թեման: