Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտումը հետախուզական միջոցառումների հստակ ծրագրից զատ, հաճախ նաև ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցություն է պահանջում: Հենց փոխգործակցության շնորհիվ իրավապահները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել:
Մայիսի 10-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Արարատի մարզային վարչությունների ծառայողները, Արտաշատի բաժնի քրեական հետախույզների և Արարատի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ ձեռնարկած միջոցառումներով, Երևան-Երասխ ճանապարհից, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ներմուծելու, պահելու և իրացնելու կասկածանքով, «Վոլվո» մակնիշի բեռնատարով հանդերձ, Արտաշատի բաժին բերման են ենթարկել երկու օտարերկրացու, որոնցից մեկը՝ 45, մյուսը՝ 57 տարեկան:
45-ամյա տղամարդու պայուսակից հայտնաբերվել է ACETAMINOPHEN CODEINE գրառմամբ 9 դեղահաբ: Ըստ նրա՝ հոգեներգործուն հաբերը ձեռք էր բերել այլ երկրում:
Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է փորձաքննություն։
Հանգամանքները պարզվում են: