ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒԺԵՐՆ ԱՎԵՐԵԼ ԵՆ ԴՈՆԲԱՍԻ ՇՐՋԱՆԸ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ռուսական ուժերն ամբողջությամբ ավերել են Ուկրաինայի Դոնբասի շրջանը՝ հայտարարել է երկրի նախագահն ու Մոսկվային մեղադրել անիմաստ ռմբակոծություններ իրականացնելու համար: Նա նախազգուշացրել է՝ Ռուսաստանը պատասխանատվության է ենթարկվելու:
Իր ուղերձում Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Սենատի կողմից հաստատված 40 մլրդ դոլարի օգնության փաթեթի համար: Ուկրաինայի բյուջեի ամսական պակասուրդը կազմում է 5 մլրդ դոլար՝ հայտնել է Զելենսկին ու շեշտել, որ պատերազմին դիմանալու համար Կիևին անհրաժեշտ է արագ և բավարար ֆինանսական աջակցություն:
«Դա պարզապես նվեր չէ գործընկերների կողմից. սա նրանց ներդրումն է իրենց իսկ անվտանգության համար»,- եզրափակել է Վոլոդիմիր Զելենսկին:
ՌԴ-Ն ՀԱՄԱՐԺԵՔ ՔԱՅԼԵՐ Է ՁԵՌՆԱՐԿՈՒՄ. ՇՈՅԳՈՒ
Նոր սպառնալիքների պատճառով Ռուսաստանում մինչև 2022 թվականի վերջը Արևմտյան ռազմական շրջանում կստեղծվի 12 զորամաս և ստորաբաժանում՝ հայտարարել է պաշտպանության նախարարը: Սերգեյ Շոյգուի խոսքով` Ռուսաստանի սահմանների մոտ ռազմական սպառնալիքներն աճում են արևմտյան ռազմավարական ուղղությամբ, ամենամոտ հարևանները Ֆինլանդիան և Շվեդիան են, որոնք դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:
«Մենք համարժեք քայլեր ենք ձեռնարկում»,- նշել է Շոյգուն: Խոսելով ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին` Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը մոտենում է ավարտին: Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը, փորձելով հետաձգել ռուսական զորքերի առաջխաղացումը, տեղի բնակիչներին բաց չեն թողնում քաղաքներից ու ավաններից՝ նրանց օգտագործելով որպես կենդանի վահան։
«Կիևի վարչակարգը, ցամաքում կրելով պարտություն, ձգտում է որոշ ոլորտներում գոնե կարճաժամկետ հաջողությունների հասնել՝ դրանք ներկայացնելով որպես հիմնական»,- ընդգծել է նախարարը։
Շոյգուի խոսքով՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում արգելափակված ազգայնականներից ավելի քան 1900-ն արդեն հանձնվել են ռուսական կողմին։
ՌԴ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
Ռուսաստանի Դաշնությունը հասկանում է աշխարհի այս կամ այն տարածաշրջանում գերիշխող դերի հավակնելու Ֆրանսիայի և ԵՄ այլ երկրների ցանկությունը, սակայն այդ ջանքերը «ընդունելի» չեն Մոսկվայի համար՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մալիի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Եվրոպայի հետ քննարկելու ցանկացած միջազգային հարց, բայց շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքներով։
ԷՐԴՈՂԱՆԸ ԴԵՄ Է ՇՎԵԴԻԱՅԻ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցելու հարցը. Էրդողանը որպես պատճառ է նշել ահաբեկչական խմբավորումների հետ այդ երկրների կապը: Թուրքիայի նախագահը կրկնել է, որ սկանդինավյան երկրները աջակցում են այն կազմակերպություններին, որոնք Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից համարվում են ահաբեկչական։
«Մենք հստակ արդեն հայտարարել ենք, որ «այո» չենք ասելու ահաբեկչական կազմակերպությունների` ՆԱՏՕ-ում ներգրավված լինելու որոշմանը: Ես նույնն եմ մտածում և՛ Շվեդիայի, և՛ Ֆինլանդիայի մասին»,- նշել է Թուրքիայի նախագահը:
9.5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
«Մեծ յոթնյակը կաջակցի Ուկրաինային 9,5 մլրդ ԱՄՆ դոլարի կարճաժամկետ բյուջետային օժանդակությամբ՝ Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներն ու Deutsche Bundesbank-ի նախագահն ամփոփել են G7-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների եռօրյա հանդիպումը: Նախարարի խոսքով՝ տարեսկզբից մոբիլիզացվել է ընդհանուր 19,8 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն Ուկրաինային:
«Մեծ յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի ղեկավարները չեն կարողացել միասնական ռազմավարություն մշակել ռուսաստանյան նավթի ներմուծումից հրաժարվելու կամ այն կրճատելու վերաբերյալ:
ԵՄ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՋԱՆՔԵՐԻՆ. ԲՈՐԵԼ
ԵՄ-ն աջակցում է Ուկրաինայում խաղաղության հաստատման բոլոր ջանքերին՝ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ մեկնաբանելով Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված Իտալիայի ծրագիրը։
«Բայց դրա համար անհրաժեշտ է դադարեցնել ագրեսիան և դուրս բերել ռուսական ուժերը Ուկրաինայի տարածքից»,- նշել է Բորելը, նաև հավելել, որ ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային՝ շարունակելով նաև դիվանագիտական ջանքեր գործադրել հրադադարի հասնելու համար:
«Երբ բանակցությունները սկսվեն, մենք պետք է աջակցենք Ուկրաինային, որպեսզի նա ամուր դիրքեր ունենա»,- հավելել է դիվանագետը: