Երևանում մեկնարկել է Ժողովրդավարության հայկական ֆորումը: «Իրազեկ քաղաքացիների միավորման» և Freedom House-ի նախաձեռնած համաժողովը Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշել՝ ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային բրենդն է, և Հայաստանը ճիշտ վայր է ժողովրդավարության ֆորում անցկացնելու համար:
«Ժողովրդավարությունը ՀՀ միջազգային հիմնական բրենդն է: Սովորաբար ՀՀ-ում այս պնդումն անելիս ես հղում եմ անում միջազգային ամենատարբեր կազմակերպությունների հրապարակած զեկույցներին, բայց քանի որ այստեղ այդ հրապարակումների, զեկույցների հետ առնչություն ունեցող բազմաթիվ մարդիկ կան, ես հիմա ուզում եմ հարցին նայել հակառակ կողմից, որովհետև զեկույցները կարևոր են, բայց ամենաէականը չեն:
Ուզում եմ արձանագրել, որ եթե Հայաստանում ժողովրդավարության մասին խոսելիս հղում եմ անում միջազգային կազմակերպությունների զեկույցներին, հիմա ուզում եմ ժողովրդավարության մասին խոսելիս հղում անել ՀՀ քաղաքացուն:
Հայաստանում ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտը քաղաքացու ինստիտուտն է: Հենց քաղաքացին է ՀՀ-ի ժողովրդավարության առանցքային երաշխավորը: Սա պայմանավորված է նրանով, որ ՀՀ քաղաքացին գիտի, որ ինքը որոշող է, ինքը որոշում կայացնող հիմնական ու առանցքային սուբյեկտն է այնպես, ինչպես նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ:
Ժողովրդավարական երկրի քաղաքացին ավելի մեծ պատասխանատվություն է զգում ինքն իր վրա, հետևաբար ժողովրդավարական երկրի քաղաքացին մտածելուն, խորհելուն, կշռելուն ավելի շատ ժամանակ է տրամադրում, որովհետև ժողովրդավարական հասարակությունում յուրաքանչյուր քաղաքացի զհում է, տեսնում է, գիտի իր պատասխանատվությունը երկրի այսօրվա, երեկվա և ապագայի համար, հետևաբար, ուզում եմ ասել, որ ՀՀ-ն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո շատ մեծ ցնցումների միջով անցավ, և ՀՀ քաղաքացին էր, որ կանխեց ՀՀ պետականության փլուզումը և ինքնիշխանության, անկախության կորուստը: Ես կուզենայի, որ մենք ծափահարենք ՀՀ քաղաքացուն, որը ՀՀ-ում ժողովրդավարության առանցքն է, հենասյունն ու անկյունաքարը: Եվ ես կարծում եմ, որ շատ կարևոր երկու հարց կա, որին պետք է պատասխանենք:
Առաջինը՝ որքանո՞վ է ժողովրդավարությունն ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի անվտանգությունը, և ինչքանով է ի վիճակի պահպանել երկրի ինքնիշխանությունը և անկախությունը: Ժողովրդավարությունն այսօր ՀՀ ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն և առանցքային գործոնն է: Մեր խնդրին է՝ ապացուցել, որ ժողովրդավարությունն ի վիճակի է ապահովել երկրի արտաքին և ներքին անվտանգությունը: Այս առումով ուզում եմ ընդգծել և կարևորել խաղաղության օրակարգը, որը որդեգրել է ՀՀ կառավարությունը, և որի համար մանդատ է տվել ՀՀ քաղաքացին: Շատ կարևոր է խաղաղության օրակարգի ձևակերպումն ու քննարկումը, նաև այն տրամաբանությամբ, որ երկրում առանցքային որոշումները կայացնում է քաղաքացին, կարևոր է, որ ամբողջական և պատշաճ տեղեկատվություն տանք քաղաքացուն, որ նա իր որոշումների կայացման ժամանակ լինի բավարար չափով տեղեկացված: Երբ վերջին շրջանում անդրադառնում ենք խաղաղության օրակարգին, բանակցային գործընթացներին, պատմությանը, ոմանք մեկնաբանում են, թե բանավեճ է նախկին և ներկա իշխանությունների միջև:
Դա ամենևին կապ չունի դրա հետ: Մեր կառավարությունը, քաղաքական թիմը պարտքն է համարում քաղաքացիներին բավարար և պատշաճ տեղեկություն տալ մեզ հետ տեղի ունեցածի վերաբերյալ, որպեսզի քաղաքացին պատշաճ խորությամբ տիրապետի խնդիրներին, հետագայում նաև կայացնի այն որոշումները, որոնք պիտի կայացնի: Այսօր մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, այս դահլիճում ներկա են մարդիկ, որոնց հետ մենք տարբեր ժամանակներում, գուցե իրարից անջատ, երբեմն՝ միասին, պայքարել ենք ՀՀ-ում ժողովրդավարություն հաստատելու համար: Մենք կատարել ենք մեր առաքելությունը, չնայած չենք ավարտել:
Հիմա կարևոր է, որ մենք համախմբվենք մեկ այլ առաքելության շուրջ՝ ինչպես ՀՀ-ին բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ ՀՀ-ին բերենք նաև խաղաղություն, որովհետև մեկը առանց մյուսի չի կարող գոյություն ունենալ: Հայաստանում կա քաղաքական իշխանություն, որն այս առաքելության շուրջ համապմբված է, և այս առաքելության շուրջ պետք է համախմբեն բոլոր քաղաքական ուժերը: Այս փուլում չափազանց կարևոր է, որ մենք իրապես անկեղծ վերլուծենք մեր երկրի վերջին 30 տարվա պատմությունը և կարողանանք սա անել անկեղծության, ազնվության մթնոլորտում, և ժողովրդավարությունը սրա համար ստեղծում է բավարար պայմաններ:
Ժողովրդավարության մեր առաքելության շարունակությունը խաղաղության մեր առաքելությունն է, որը շատ ավելի ծանր, շատ ավելի դժվար և շատ ավելի մեծ ուժ ու կամք պահանջող առաքելություն է, և ես համոզմունք ունեմ, որ մենք իրականացնելու ենք այդ առաքելությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: