«Դիմադրություն» շարժումն այսօր առավոտից վերսկսել էր անհնազանդության ակցիաները:
Ֆրանսիայի հրապարակից երթով հասել են Բաղրամյան փողոց՝ նախագահական նստավայրի մոտ, որտեղ այդ պահին տեղի էր ունենում պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի նախագահի դիմավորման արարողությունը: Այնուհետև ցուցարարները երթով շարժվել են Հանրապետության հրապարակ՝ «Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ էլ այդ ընթացքում տեղի էր ունենում Ժողովրդավարության հայկական համաժողովը: Շարժման ներկայացուցիչները փորձել են մտնել համաժողովի սրահ: Ցուցարարները երթով անցել են նաև Երևանի մի շարք փողոցներով, բողոքի ակցիա իրականացրել Մատենադարանի մոտ:
Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ ընդդիմության՝ նախապես հայտարարած հանրահավաքն այսօր երեկոյան չի կայացել:
Ակցիայի վեց մասնակից բերման է ենթարկվել ոստիկանություն՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:
Անդրադառնալով Freedom House-ի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» կազմակերպած «Ժողովրդավարության հայկական ֆորումին»՝ կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ համաժողովին հրավիրված են եղել իշխանության և ընդդիմության ոչ բոլոր պատգամավորները։ Բոլոր հրավիրվածների մուտքը եղել է անխոչընդոտ։
Նա նաև նշել է, որ ֆորումն ամբողջությամբ հեռարձակվել է հայերեն ու անգլերեն: Հեռարձակվել է առանց հեղինակային իրավունքի ու լոգոների, որպեսզի բոլոր լրատվամիջոցները կարողանան օգտագործել այն։ Այդ իսկ պատճառով լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն հրավիրվել լուսաբանելու»,- նշել է Իոաննիսյանը: