Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի տիկնոջը՝ Դիանա Նաուսեդիենեին։
Աննա Հակոբյանը և Դիանա Նաուսեդիենեն առանձնազրույց են ունեցել։ Ողջունելով տիկին Նաուսեդիենեին՝ ՀՀ վարչապետի տիկինը նշել է, որ շատ ուրախ է Երևանում հյուրընկալել իր բարեկամին։ Առանձնազրույցի ընթացքում նրանք անդրադարձել են հասարակական կյանքում կանանց դերի ակտիվացման կարևորությանը:
«Տիկին Նաուսեդիենե, մենք առաջին անգամ հանդիպել ենք 2019 թվականին Լիտվայում։ Ուրախ եմ, որ երկրորդ անգամ հանդիպելու առիթ է ստեղծվել, և Ձեզ հյուրընկալում եմ Երևանում։ Կարծում եմ, որ քննարկելու և համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ հեռանկարներ կան։
Մենք կկարողանանք օգտագործել այս հնարավորությունը, որպեսզի միմյանց ավելի լավ ճանաչենք և փորձենք գտնել համագործակցության տարբեր ուղիներ։ Հուսով եմ, որ այս հանդիպումը կնպաստի հայ և լիտվացի ժողովուրդների բարեկամական դարավոր կապի ամրապնդմանը»,- իր խոսքում նշել է Աննա Հակոբյանը։
Աննա Հակոբյանը հիշել է, որ դեռ 2 տարի առաջ, երբ աշխարհը պայքարում էր կորոնավիրուսի դեմ, Դիանա Նաուսեդիենեն լիտվական ռազմական ինքնաթիռով նվերներ էր ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին։ Աննա Հակոբյանը նորից շնորհակալություն է հայտնել տիկին Նաուսեդիենեին մարդասիրական քայլի համար։
Լիտվայի Հանրապետության նախագահի տիկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ուրախությամբ հիշել իրենց առաջին հանդիպումը։ Այն Դիանա Նաուսեդիենեի առաջին պաշտոնական հանդիպումն էր Լիտվայի նախագահի տիկնոջ կարգավիճակում։
Առանձնազրույցի ընթացքում Լիտվայի նախագահի տիկինը Աննա Հակոբյանին ներկայացրել է իր գործունեությունը և ընդգծել, որ դրա հիմքում դրված է առողջ ապրելակերպի և հասարակությունների կայուն զարգացման քարոզը։
Նա համոզմունք է հայտնել, որ մեր հասարակություններում մեծացնելով կանանց դերը՝ կկարողանան աշխարհն ավելի լավը դարձնել։
Այնուհետև Լիտվայի նախագահի տիկինը Հայաստանի վարչապետի տիկնոջ ուղեկցությամբ այցելել է Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, որտեղ հանդիպել է բուժում ստացող երեխաների հետ։ Հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել պայմաններին և հետաքրքրվել երեխաների առողջականով։
Լիտվայի նախագահի տիկինը Աննա Հակոբյանին է փոխանցել պաշտոնական հրավեր, որպեսզի Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկները այցելեն Լիտվա և անցնեն վերապատրաստում։
Աննա Հակոբյանը և Դիանա Նաուսեդիենեն պայմանավորվել են ուժեղացնել շփումները առողջապահության և մշակույթի ոլորտներում։
Այդ նպատակով Լիտվայի նախագահի տիկինը Հայաստանի վարչապետի տիկնոջը հրավիրել է Լիտվա։ Աննա Հակոբյանն ընդունել է հրավերն ու պատրաստակամություն հայտնել կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները։