Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր Երևանում հյուրընկալել Լիտվայի Հանրապետության նախագահին:
Մեր երկրների միջև բարձրաստիճան այցերը վկայում են դարերի խորքից եկող ամուր կապերի և նույնական արժեհամակարգի վրա խարսխված մեր հարաբերությունների շարունակականության, ինչպես նաև երկկողմ համագործակցությունն առավել ընդլայնելու վճռականության մասին։
Նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ մենք փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք հայ-լիտվական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարներն, ինչպես նաև երկկողմ բարեկամական հարաբերություններին առնչվող օրակարգային հարցերի լայն շրջանակ:
Վերահաստատվեց միջպետական հարաբերությունները խորացնելու երկուստեք պատրաստակամությունը:
Հատուկ անդրադարձ կատարվեց երկկողմ տնտեսական համագործակցության խորացման և առևտրաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին:
Այդ համատեքստում քննարկվեցին արդյունաբերության, ՏՏ, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարները:
Ուրախ ենք արձանագրել, որ Լիտվայի նախագահի պատվիրակության կազմում ընդգրկված են Լիտվայի առաջատար բուհերի ռեկտորներ, ինչը կրթության և գիտության բնագավառում երկկողմ համագործակցության կարևորության ապացույցն է:
Քննարկվեցին տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը: Լիտվայի և Հայաստանի տեսակետներն այս հարցում նույնական են:
Հատուկ ընդգծվեց Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը: Նախագահ Նաուսեդան խոստացավ ամեն կերպ աջակցել հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանմանը:
Այս համատեքստում կարևորվեց UNESCO-ի փորձագիտական առաքելության այցը Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:
Անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերին»: