Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացմանը» Եվրոպական Միության Թվինինգ ծրագրի ամփոփիչ միջոցառումը։
Փոխվարչապետը ողջունել է բոլորին Թվինինգ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը և ընդգծել, որ 2020 թվականին մեկնարկած ծրագիրն ուղղված է եղել Քաղաքացիական ծառայության գրասենյակի և շահառու մարմինների կարողությունների հզորացմանը, քաղաքացիական ծառայողների մասնագիտական զարգացմանը, քաղծառայության համակարգի գրավչության բարձրացմանն ու մարդկային ռեսուրսների կառավարման մասնագիտական ցանցերի ստեղծմանը։
«Տեղյակ եք, որ մեր Կառավարությունն ունի հանրային կառավարման բարեփոխումների հավակնոտ, բայց իրատեսական օրակարգ։ Դրան ուղղված կարևոր քայլերից մեկը Կառավարության նախորդ նիստում հավանության արժանացած Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության և ճանապարհային քարտեզի հաստատումն էր, որոնց արդյունավետ իրագործմամբ կապահովենք մեր երկրի անվտանգությունն ու կայուն զարգացումը»,- նշել է Համբարձում Մաթևոսյանն ու հավելել, որ Եվրոպական միության գործընկերների աջակցությամբ իրականացված այս ծրագիրն ամբողջությամբ համապատասխանում է Կառավարության օրակարգին և ավելի է մոտեցնում նախանշված վերջնանպատակին։ Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության կողմից մշտապես կարևորվել են նման համագործակցությունները, որոնք էլ ավելի ամրապնդվեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, որը մեծապես խթանում է ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների իրականացման գործընթացը։
Համբարձում Մաթևոսյանը վստահություն է հայտնել, որ եվրոպական լավագույն փորձի մոտարկումը կնպաստի ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը, մարդկային կապիտալի արդյունավետ զարգացմանը։ «Թվինինգ ծրագիրն այս համագործակցության վառ օրինակ է, որը ևս կարող է լինել կարևոր գործոն Հայաստան-ԵՄ համագործակցության շարունակականության ապահովման համար»,- շեշտել է փոխվարչապետը և վստահություն հայտնել, որ երկու կողմերի՝ թե՛ Հայաստանի և թե՛ անդամ պետությունների ներկայացուցիչների կողմից ներդրվել է առավելագույնը ծրագիրը հաջողելու և կանխանշված արդյունքները ստանալու համար։
Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով են հանդես եկել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Քիրստի Նարինեն, Վրաստանում և Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդը, Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը, այլք։