Մենք ականատես ենք անվտանգության ճարտարապետության վերահաս անկմանը՝ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարը Իտալիայի Թուրին քաղաքում կայացած՝ Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանում: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմը բազմակողմանիության խափանումը և միջազգային կառույցներում առաջացած ճեղքվածքը զգացել է դեռ երկու տարի առաջ, երբ Ադրբեջանը, ոտնահարելով ուժի չկիրառման սկզբունքը, սանձազերծեց պատերազմ Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Երկու տարի է անցել այս սարսափելի ժամանակներից, և Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվել է, և նրանք պատրաստ են խաղաղության:
Գուցե միամիտ կթվա, բայց եթե դա ճիշտ է, ինչո՞ւ ենք մենք դեռ պայքարում ռազմագերիների և պահվող անձանց իրավունքների և նրանց անհապաղ ազատ արձակման և վերադարձի համար։ Ինչո՞ւ ենք մենք դեռևս պայքարում մարդկանց մշակութային իրավունքների համար և Ադրբեջանի քաղաքականությունից բխող՝ իր վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեմ: Ինչո՞ւ ենք մենք պայքարում երեխաների որակյալ կրթություն ստանալու իրավունքի համար, երբ նրանց դպրոցները հաճախակի կրակի տակ են: Ինչո՞ւ ենք մենք պայքարում մարդկանց՝ իրենց տներում տարրական կենսապայմաններ ունենալու իրավունքի համար, երբ միակ գազատարը խափանվում է:
Կարող եմ շարունակել նոր օրինակներ բերել, բայց հակիրճ կլինեմ. ինչո՞ւ ենք մենք պայքարում, որ հասկացնենք Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղը միայն տարածքի կտոր չէ, այլ մարդիկ են, որոնց արժանապատվությունը պետք է հարգել։
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Միրզոյանը շեշտել է՝ քանի որ մարդու իրավունքներին նվիրումն է ներկաներին հավաքել մեկ հարկի տակ, ուրեմն այս խնդիրները ևս բոլորին են:
Արարատ Միրզոյան - Հայաստանի կառավարությունը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն և բարեկեցություն հաստատելու ջանքերին և բազմաթիվ անգամներ վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ անհապաղ կերպով իրական և կառուցողական բանակցություններ սկսելու վերաբերյալ:
Եվ այս համատեքստում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առանցքային դեր ունի խաղաղ գործընթացը առաջ մղելու հարցում: Սակայն մենք խորապես հավատացած ենք, որ ԵԽ-ն նույնպես՝ իր մանդատի շրջանակներում, պետք է ակտիվ լինի այս գործընթացին սատարելու հարցում:
Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է՝ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը վաղուց հասունացել է: Միրզոյանը նաև անդրադարձել է Հայաստանում ամուր ժողովրդավարական ինստիտուտներ և համակարգեր կառուցելու գործում Եվրոպայի խորհրդի դերին:
Արարատ Միրզոյան - Այս տարի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձև, որում ԵԽԽՎ-ն հայտարարեց ժողովրդավարական զարգացման գործընթացում Հայաստանի առաջընթացի մասին։ Եվ այդ առաջընթացի, թերևս, ամենավառ օրինակներից մեկը անցած ամառվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին, երբ Հայաստանի քաղաքացիները ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց նվիրումն ու հանձնառությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքներին:
ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Եվրոպայի Խորհրդի նախարարների նստաշրջանի ընթացքում ԱԳ նախարարը նաև հանդիպել է Չեխիայի, Նորվեգիայի և Իսպանիայի իր գործընկերներին: Արտգործանարարներին Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Քննարկվել են նաև այդ երկրների հետ երկկողմ գործակցության հեռանկարները: