Վաշինգտոնն ուսումնասիրում է բելառուսական կալիումային պարարտանյութերի նկատմամբ պատժամիջոցների վերացումը՝ ուկրաինական հացահատիկն այդ երկրի տարածքով տեղափոխելու Մինսկի համաձայնության դիմաց։ Այդ մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության աղբյուրներին։
Ենթադրվում է, որ բելառուսական կողմի համաձայնության դեպքում հացահատիկը Ուկրաինայից երկաթուղով կհասցվի Լիտվայի Կլայպեդա նավահանգիստ։
Դրա դիմաց, ըստ թերթի, ԱՄՆ պաշտոնյաները կարող են կես տարով չեղարկել բելառուսական կալիումական արդյունաբերության դեմ պատժամիջոցները։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, գլոբալ պարենային ճգնաժամի ֆոնին, կոչ էր արել շուկա վերադարձնել Ուկրաինայի, Ռուսաստանի և Բելառուսի արտադրած սննդամթերքն ու պարարտանյութերը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակի այլ արդյունավետ լուծում չկա։
Կալիումական պարարտանյութերի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը՝ Беларуськалий-ը, անցյալ տարի ընդգրկվել է Վաշինգտոնի պատժամիջոցների ցուցակում՝ Մինսկի հրահրած միգրացիոն ճգնաժամի և ընդդիմությանը ճնշելու համար։ Փորձագետները կարծում են, որ հացահատիկի տեղափոխման համար բելառուսական երկաթուղային երթուղին բավարար չի լինի՝ այն կկարողանա ապահովել արտահանման նախապատերազմյան մակարդակի միայն 10%-ը: