Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նորընտիր նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին:
Ուղերձում ասված է.
«Ձերդ Վսեմություն,
Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ կշարունակեք Ձեր հարուստ փորձառությունն ու իմաստությունը ծառայեցնել ինչպես Ձեր՝ բարեկամ երկրի հետագա առաջընթացին, այնպես էլ միջտարածաշրջանային փոխշահավետ համագործակցության մթնոլորտի ամրապնդմանը:
Բարձր ենք գնահատում փոխադարձ համակրանքի վրա հիմնված հայ-էմիրաթյան հարաբերությունները և պատրաստ ենք գործադրել համատեղ ջանքեր դրանց շարունակական խորացման և ընդլայնման ուղղությամբ՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բարձր առաքելության իրականացման ճանապարհին:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»։