Արցախի կառավարության որոշմամբ հուլիսի 1-ից կլուծարվեն օկուպացված համայնքների՝ պետբյուջեից ֆինանսավորվող մի շարք ընկերություններ և կազմակերպություններ: Խոսքը 146 հիմնարկի և մոտ 3500 աշխատակցի մասին է: Նրանցից մոտ հազարը համատեղության կարգով այլ աշխատանք ունի: Պետնախարար Արտակ Բեգլարյանի գնահատմամբ՝ որոշումը ցավալի է, բայց պարապուրդը ևս անգործության է մղում քաղաքացուն:
Արտակ Բեգլարյան (Արցախի պետական նախարար) - Շրջանային վարչակազմերը, այսինքն՝ ՀՀ անալոգով եթե խոսենք՝ մարզպետարանները, Քաշաթաղի, Շահումյանի, Հադրութի և Շուշիի, ինչպես նաև համայնքապետարանները՝ ՏԻՄ-երը, չեն լուծարվում, բայց նրանց հաստիքացուցակները սահմանափակվում են, քանի որ գործունեության ծավալները շատ ավելի քիչ են, քան մինչև պատերազմը եղած ժամանակահատվածում:
2020-ի պատերազմից հետո տեղահանված քաղաքացիները պետական համակարգում աշխատանքի են ընդունվել արտոնությամբ՝ նշում է Բեգլարյանը: Գործադիրը նաև մասնավոր հատվածում է փորձել աջակցել նրանց զբաղվածության ապահովմանը: Այս փուլում քննարկում են դրամաշնորհների ծրագիրը:
Արտակ Բեգլարյան - Քննարկում ենք փոքր ձեռնարկատիրական դրամաշնորհներ տրամադրելու հնարավորությունը: Ովքեր հետաքրքրված են, որոշակի գումար տանք, իրենք ինքնազբաղվածության հարց լուծեն: Այսինքն՝ օրինակ, անասնագլխաքանակ ձեռք բերեն, թռչուններ, փոքր ձեռնարկություն հիմնեն:
Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնը 24 հաստիք և 32 աշխատակից ունի: Հերթական համերգին են պատրաստվում: Կենտրոնի աշխատակիցները ևս աշխատանքային պայմանագրերը լուծարելու մասին ծանուցում են ստացել:
Լաուրա Հովսեփյան (Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն) - Տեղահանված մարդու համար այն ծանր հարված է:
Մշակութային խմբերի և արվեստների հարցում կառավարությունը որոշակի բացառություններ կանի՝ ասում է Արցախի պետական նախարարն ու նշում՝ չի կարելի ասել, որ հետպատերազմական ժամանակաշրջանն աշխատատեղերի ստեղծման համար արդյունավետ չի օգտագործվել:
Արտակ Բեգլարյան - Շատ ավելի նախընտրելի կլիներ, որ դեռևս ամիսներ առաջ կամ անցած տարի այս վերջնականացումները լինեին, բայց որոշակի և՛ օբյեկտիվ և՛ սուբյեկտիվ պատճառներով արդյունքը տեղի չի ունեցել:
Սպասվող կրճատումների մասին Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը բողոքներ է ստացել:
Գեղամ Ստեփանյանի գնահատմամբ՝ գործընթացը սոցիալական մեծ լարվածություն է բերելու:
Գեղամ Ստեփանյան (Արցախի Մարդու իրավունքների պաշտպան) - Եթե զուտ ընթացակարգային, իրավական առումով կարծես թե ամեն ինչ պահպանված է, այսինքն՝ պատշաճ ծանուցման իրավունք և այլն, բայց այստեղ կա օբյեկտիվ իրականությանն առերեսվելու շատ կարևոր խնդիր՝ մեր շրջայցերը տեղահանված անձանց բնակության վայրեր և նրանց հետ ունեցած զրույցները ցույց են տալիս, որ այդ անձինք գտնվում են սոցիալ-տնտեսական շատ ծանր, սոցիալ-հոգեբանական անկայուն իրավիճակում:
Տեղահանված անձանց խնդրով Հադրութի շրջանի մի խումբ բնակիչներ հանրագիր են ներկայացրել Արցախի ազգային ժողովի նախագահին:
Վահան Սավադյան (Հադրութի քաղաքապետ) - Եթե կրճատում ենք, մոնիթորինգ իրականացնենք, տեսնենք՝ ինչքան ազատ աշխատատեղ կա, մարդկանց փորձենք ապահովել աշխատանքով, նոր հետո կրճատենք:
Արցախի խորհրդարանի ղեկավարը դեմ է կառավարության որոշմանը: Լիագումար նիստում Արթուր Թովմասյանը գործադիրին առաջարկել է բեկանել որոշումը:
Արթուր Թովմասյան (Արցախի ԱԺ նախագահ) - Դիմում եմ Արցախի Հանրապետության կառավարությանը՝ ուժը կորցրած ճանաչել ԱՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 26-ի համար 149 աղետալի որոշումը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս հայտարարություն է տարածել, որ նոր ծրագիր կմշակվի, և հուլիսի 1-ից բնակարանային կարիք ունեցող յուրաքանչյուր տեղահանված անձի ամսական 40 հազար դրամ աջակցություն կտրամադրվի: Ծրագիրը կգործի մինչև նրանց բնակարանային կարիքի բավարարումը: