Ռուսական գազի մատակարարումները Ֆինլանդիա կդադարեցվեն մայիսի 21-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ին՝ հայտնում է Gasum պետական գազային ընկերությունը «Գազպրոմ Էքսպորտից» ծանուցում ստանալուց հետո։
Հաջորդ օրերին՝ 2022 թվականի ամառային սեզոնի ընթացքում, օպերատորն իր հաճախորդներին բնական գազ կմատակարարի այլ աղբյուրներից՝ Էստոնիայից Balticconnector խողովակաշարով:
Ինչպես հաղորդվում է, Gasum-ը չի ընդունել ռուսական կողմի պահանջը՝ անցնել գազի վճարման նոր համակարգին և մտադիր է հայց ներկայացնել արբիտրաժ։
Ֆինլանդիայի ԵՄ հարցերով նախարար Տիտտի Տուպպուրայնենը Helsingin Sanomat թերթին հայտնել է, որ ռուբլով վճարումից հրաժարվելու որոշումը երկրում կայացվել է ապրիլի սկզբին և ներկայացվել Gasum-ի ղեկավարությանը:
Ըստ Տուպպուրայնենի՝ նոր վճարային համակարգը պատժամիջոցների խախտում է և ԵՄ-ն պառակտելու փորձ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ մեկ անգամ ևս ընդգծել է, որ Ռուսաստանը անվճար գազ չի մատակարարի այն երկրներին, որոնք հրաժարվել են անցնել վճարումների նոր համակարգին։