Առջևում ամառային արձակուրդներն են՝ երեխաների հանգստանալու սեզոնը, և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները կրկնակի զգոնությամբ են աշխատում: Շրջում են հանրապետության՝ երկաթուղի ունեցող բնակավայրերով, հանդիպում կազմակերպում դպրոցներում, անդրադառնում երկաթուղու աշխատանքին, անվտանգության կանոններին։
Լևոն Հակոբյան (ՀԿԵ գլխավոր տնօրենի խորհրդական) - Երկաթուղին ամենավտանգավոր հատվածն է համարվում կյանքի համար, դրա համար կուզենամ, որ մեր երեխաները ինֆորմացված լինեն էդ ամբողջին:
Այս անգամ «Անվտանգության օր» իրազեկման ակցիան Արտաշատի համար 2 դպրոցում էր. աշակերտների համար թռուցիկներ ու տեսանյութեր էին պատրաստել, բացատրում են՝ ինչ չի կարելի անել երկաթուղային ենթակառուցվածքում: Դասը դպրոցականները սերտել էին:
Էլեն Հովհաննիսյան (Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ) - Շատ կանոններ գիտեինք, շատերն էլ իմացանք: Արգելվում է քայլել դիտահորերի, ծածկոցների վրա, արգելվում է սողոսկել վագոնների տակով, երկաթուղային տրանսպորտի տարածքում արգելվում է կրել ականջակալներ, քայլել ռելսամիջով, ռելսերի կամ փայտակոճերի վրա նստել՝ հանգստանալու համար:
Գագիկ Այվազյան (Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ) - Մենք հասկացանք, որ չի թույլատրվում խաղալ գնացքների կտուրներին, ոտնակներին, անցումային հարթակներին, երեխաներին չի կարելի թողնել առանց հսկողության, չի թույլատրվում մոտենալ գնացքներին, մինչև նրա վերջնական կանգնելը:
Դպրոցներում ուսուցիչները պարբերաբար հորդորում են զգուշանալ գնացքներից՝ ասում է Արտաշատի համար 2 դպրոցի տնօրենը, բայց այլ բան է, երբ ոլորտի մասնագետներն են գալիս, բացատրում, վտանգները օրինակներով ներկայացնում:
Ալինա Մովսիսյան (Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն) - Կազմակերպիչների հետ ունեցանք պայմանավորվածություն, որ հանդիսանանք դոնոր դպրոց և մեր փորձը, իրազեկվածությունը՝ բրոշյուրների միջոցով, որ մեզ փոխանցել են, նաև հաղորդնեք մյուս դպրոցներին, տեղեկացնենք:
Վտանգների մասին լիարժեք պատկերացում կազմելու համար «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները վերջին 5 տարվա վիճակագրությունն էին բերել: 2017-ից մինչև օրս 283 պատահար է տեղի ունեցել գնացքի մասնակցությամբ, 20 դեպքում մարդ է ընկել գնացքի տակ ու զոհվել, 135 դեպքում վթար է եղել մեքենաների հետ՝ ուղևորների 70 տոկոսը զոհվել են: 128 դեպքում էլ գնացքի առաջ են հայտնվել խոշոր ու մանր եղջերավոր անասուններ: