Չինաստանի իշխանությունները լայնածավալ զորավարժություններ են սկսել Հարավչինական ծովում այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնել է Ասիա՝ Ճապոնիա և Հարավային Կորեա այցելելու համար։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը։
Քաղաքացիական նավերին արգելվել է մուտք գործել զորավարժանքի գոտի։ Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 23-ը:
AP-ն գրում է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների համար կարևոր դարձավ ցույց տալ Չինաստանին, որ ռազմական ճանապարհով չպետք է գրավել վիճելի տարածքները։ Խոսքը, մասնավորապես, Թայվանի մասին է, որի շուրջ վերջերս Պեկինը նույնպես զորավարժություններ անցկացրեց։
Ավելի վաղ Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Ցզեչին հայտարարել էր, որ երկիրը վճռական միջոցներ կձեռնարկի իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար, եթե ԱՄՆ միջամտի պետության ներքին գործերին։