ԱՆԿԱՐԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԱԹԵՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Թուրքիայի արտգործնախարարությունը վրդովմունքով է արձագանքել Պոնտոսի և Փոքր Ասիայի հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ Աթենքի հայտարարություններին՝ դրանք որակելով «անհեթեթություն»:
Նախարարությունում նաև զգուշացրել են. «Անցյալի վրա հիմնված թշնամանք հրահրելու փորձերը միայն մոլորության մեջ են դնում երիտասարդ սերնդին և չեն նպաստում խաղաղության ու կայունության հաստատման ջանքերին»:
1916-1923 թթ․ երիտթուրքերի կառավարությունն իրականացրել է պատմական Պոնտոսի հույների բնաջնջումը։ Հունաստանում մայիսի 19-ը նշվում է որպես Պոնտոսի հույների ցեղասպանության օր: Հայաստանը պաշտոնապես այն ճանաչել է 2015 թ. մարտի 24-ին:
ԲԱՅԴԵՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՇՎԵԴԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ
Հելսինկին և Ստոկհոլմը համապատասխանում են ՆԱՏՕ-ին անդամակցելու բոլոր չափանիշներին՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ հանդիպման շրջանակում: Եռակողմ բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել նաև դաշինքին երկրների անդամակցության հարցում Թուրքիայի մերժողական դիրքորոշմանը։
Ավելի վաղ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցությանը Անկարան «ո՛չ» է ասելու, քանի դեռ նրանք Քրդստանի աշխատավորական կուսակցությունը չեն ճանաչել ահաբեկչական և Թուրքիային չեն արտահանձնել մի խումբ քրդերի, որոնք, թուրքական կողմի կարծիքով, ահաբեկիչներ են։
ԵՄ-ԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐ ԿՏԵՎԻ. ՇՈԼՑ
Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության գործընթացը երկար կտևի՝ համոզմունք է հայտնել Գերմանիայի կանցլերը։
«Սա մի քանի ամսվա կամ տարվա հարց չէ»,- նշել է Օլաֆ Շոլցը։
Նա հավելել է, որ հունիսին Եվրահանձնաժողովը պետք է գնահատի Կիևի՝ կառույցում հայտնվելու հեռանկարները։
«Եվրամիությունն արդեն վաղուց անդամակցություն է խոստացել Արևմտյան Բալկանների երկրներին: Ուկրաինային արագացված ընթացակարգով կառույց ընդունելն անարդարացի կլինի նրանց հանդեպ»,- համոզմունք է հայտնել կանցլերը։
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՐԱԳԱՑՆԵԼ ՍԵՐԲԻԱՅԻ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ. ՄԻՇԵԼ
Շառլ Միշելը Սերբիա այցի ընթացքում հայտարարել է, որ անհրաժեշտ է արագացնել երկրի եվրաինտեգրման գործընթացը։
«Ցանկանում ենք քայլ անել, հավատում ենք, որ միացումը կարևոր է մեր ընդհանուր ապագայի համար»,- նշել է նա։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել երկրին Եվրամիության կողմից ցուցաբերվող աջակցության համար։ Նա ավելի վաղ նշել էր, որ Բելգրադը կշարունակի ԵՄ-ին անդամակցության իր ճանապարհը։
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ
Փարիզը չի բացառում, որ ուկրաինական հակամարտությունը կարող է տարածվել դեպի հարևան երկրներ, մասնավորապես՝ Մերձդնեստր։ Նման կարծիք է հայտնել Էմանուել Մակրոնը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպմանը։
Ելիսեյան պալատի ղեկավարը շեշտել է՝ Ֆրանսիան ուշադիր կհետևի տարածաշրջանում անվտանգային իրավիճակին և Մոլդովայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ցանկացած հնարավոր ոտնձգության:
«Ուկրաինական հակամարտությունը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Մոլդովայի համար»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։
Ապրիլի 25-ին և 26-ին Մերձդնեստրում ահաբեկչական երեք հարձակում է տեղի ունեցել, ինչի համար չճանաչված հանրապետության ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին մեղադրել է Ուկրաինային։