Աշակերտների և ուսուցիչների մուտքը Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տարածք դեռևս արգելվում է: Դպրոցը վերակառուցման փուլում է:
Հայկազունի Մելիքյան (աշխղեկ) - Վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2021-ի նոյեմբեր ամսից, առ այսօր իրականացվել են քանդման, դեմոնտաժի աշխատանքներ, որոնք ընթանում են մինչև հիմա:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը:
Հայկազունի Մելիքյան - Քանդվել են առաջին մասնաշենքը, երկրորդ մասնաշենքը և երրորդ մասնաշենքի պատերը՝ մասամբ:
4-րդ կարգի վթարային դպրոցի բոլոր մասնաշենքերը վերակառուցելու են, ավելացնելու են նոր՝ չորրորդ մասնաշենք:
Հայկազունի Մելիքյան - Նախագծով նախատեսվում է շենքի արտաքին պատերի այս ձևաչափի պահպանումը, քանի որ այն իրենից ներկայացնում է 20-րդ դարի սկզբի 30-ական թվականների արխիտեկտուրային ոճը:
Վերակառուցումից հետո դպրոցի սեյսմակայությունը կհասնի 9 բալի: Շինարարության ընդհանուր պայմանագրային արժեքը 1 մլրդ 268 մլն դրամ է: Ավարտը նախատեսված է 2024-ին: Սա մեկն է այն 46 դպրոցներից, որոնք վերակառուցվում են Կառավարության համաֆինանսավորմամբ և Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով:
Պաոլո Սպանտիգատի (Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն) - Առաջին ծրագիրը հաստատել ենք դեռևս 10 տարի առաջ, Կառավարության հետ նախատեսել էինք վերակառուցել 46 դպրոց: Այս տարի որոշակի փոփոխություններ են արվել, որոշվել է շուրջ 50 մլն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել:
Ծրագիրը կբարելավի շուրջ 20 հազար աշակերտի կրթական պայմանները ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Դրա համար պահանջվող ներդրումները գերազանցում են 130 մլն դոլարը:
Պաոլո Սպանտիգատի - Ասիական զարգացման բանկը դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն առնչվող մի քանի ծրագիր ունի, Հայաստանն այս ծրագրին շատ համապատասխան է, քանի որ սեյսմիկ ռիսկն այստեղ բարձր է, և, ցավոք, շատ դպրոցներ սեյսմիկ առումով անվտանգ չեն:
7 դպրոցի վերակառուցման աշխատանքներն ավարտվել են, նորակառույց շենքերը հանձնվել են շահագործման: Շինարարություն է ընթանում 20 դպրոցում:
Պաոլո Սպանտիգատի - Շատ հպարտ ենք, որ Հայաստանի Կառավարության հետ գործակցությամբ դպրոցներն ավելի ապահով են դառնում: Երջանիկ եմ, որ նախորդ տարի կարողացանք վերակառուցված մի քանի դպրոց հանձնել աշակերտներին: Եվ այսօր շատ ծնողներ իրենց երեխաներին ուղարկում են կրթվելու ապահով շենքում:
2022-ին նախատեսվում է ավարտին հասցնել նոր քաղաքաշինական նորմերով, մինչև 9 բալ սեյսմակայունությամբ ու ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող առնվազն 8 դպրոցի կառուցում: