ՈՉԻՆՉ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՆԵԼ ԱՌԱՆՑ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿԱՄԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ. ՊԵՍԿՈՎ
Ուկրաինայի ազատագրված շրջանների ապագան կախված է այդ տարածքների բնակիչներից՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
«Ոչինչ հնարավոր չէ անել առանց բնակիչների կամարտահայտման․ նրանք պետք է կողմնորոշվեն՝ ինչպես և ում հետ են ուզում ապրել»,- ընդգծել է Դմիտրի Պեսկովը։
Նախօրեին ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը Մելիտոպոլ կատարած այցի ընթացքում հայտարարել էր՝ Ռուսաստանը կվերականգնի Ուկրաինայի բոլոր ազատագրված տարածքները և այդտեղ շրջանառության մեջ կդնի ռուսական ռուբլին։ Նա հավելել էր, որ Զապորոժիեի շրջանը կարող է տեղ գտնել «համերաշխ ռուսական ընտանիքում»։
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՈՉ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ. ՌՈՒԴԵՆԿՈ
Ռուս-ուկրաինական բանակցությունները դադարեցվել են ոչ Մոսկվայի պատճառով՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարարը։
«Հենց Կիևը բանակցությունները շարունակելու պատրաստակամություն հայտնի, Մոսկվան, բնականաբար, դրական պատասխան կտա։ Կարևորն այն է, որ քննարկելու բան ունենք»,- ասել է Անդրեյ Ռուդենկոն։
Փոխարտգործնախարարն անդրադարձել է Հարավային Օսիայի շուրջ ստեղծված իրավիճակին, նշել՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին որոշում կայացնելուց առաջ հարկավոր է հաշվի առնել աշխարհաքաղաքական առկա իրավիճակը։
Ռուդենկոն ներկայացրել է նաև Պետդումայի կողմից ավելի վաղ վավերացված՝ Հարավային Օսիայի և Ռուսաստանի միջև երկքաղաքացիության մասին համաձայնագիրը։
«Ռուսաստանին Հարավային Օսիայի միանալու գործընթացին պետք է երկու կողմն էլ մասնակցի․ մենք նախ պետք է տեսնենք՝ ինչպես կքվեարկեն այդ երկրի բնակիչները»,- նշել է դիվանագետը, հավելել՝ մինչ այդ Մոսկվան կհետևի հանրաքվեի նախապատրաստական աշխատանքներին։ Այն նախատեսված է հուլիսի 17-ին։
ԿՈՒԼԵԲԱՅԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՇԱՌԼ ՄԻՇԵԼԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան անդրադարձել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի առաջարկին՝ ստեղծելու ինտեգրացիոն նոր ասոցիացիա, որում կընդգրկվեն Եվրամիության բոլոր պետությունները և դրան անդամակցության թեկնածու երկրները։
«Վերջին տարիներին Ուկրաինայի եվրոպական ինտեգրման վերաբերյալ ԵՄ որոշ մայրաքաղաքների ռազմավարական անորոշությունը ձախողվել է, դա անհրաժեշտ է դադարեցնել... Կիևին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակին փոխարինող ձևաչափեր պետք չեն․ դրանք ցույց են տալիս Ուկրաինայի նկատմամբ երկրորդ կարգի վերաբերմունքը»,- նշել է Կուլեբան, հավելել՝ նման դիրքորոշումը վիրավորում է ուկրաինացիների զգացմունքները։
ԷՐԴՈՂԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԿԱՊԵՐԸ ԽԶԵԼ ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ԶԵԼԵՆՍԿՈՒ ՀԵՏ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում իրավիճակի պատճառով:
«Մոսկվայի և Կիևի հետ հարաբերություններում մենք վարում ենք հավասարակշռված քաղաքականություն։ Ես մտադիր չեմ խզել կապերը ո՛չ Պուտինի, ոչ էլ Զելենսկու հետ»,- նշել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը հավելել է, որ Անկարան չի կարող հրաժարվել ռուսական գազի մատակարարումներից. դա ռազմավարական նշանակության հարց է:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցին՝ Էրդողանը նշել է, որ դաշինքի անդամներն արդեն տեղեկացվել են Թուրքիայի դիրքորոշման մասին․ «Անկարան «ո՛չ» է ասելու այդ նախաձեռնությանը»։
ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ. ՇՈԼՑ
Բեռլինն այնպիսի քայլեր չի ձեռնարկի, որոնք ՆԱՏՕ-ն ուկրաինական հակամարտության կողմ կարող են դարձնել՝ այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլերը։
«Հարձակման ենթարկված երկրին աջակցելը լարվածության օջախներ ստեղծելու փորձ չէ»,- հավելել է Օլաֆ Շոլցը:
Նա կրկին հայտարարել է՝ Ռուսաստանը չպետք է հաղթի այդ հակամարտությունում, իսկ Ուկրաինան պետք է դիմադրի։
«Պարտադրված խաղաղություն չի լինելու, քանի որ ուկրաինացիները դա չեն ընդունում, մենք էլ չենք ընդունում»,- եզրափակել է կանցլերը։
ԼԵՀԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ
Լեհաստանի իշխանությունները հանդես են գալիս ՆԱՏՕ-ի արևելյան թևում մշտական հիմունքներով դաշինքի ստորաբաժանումներ տեղակայելու օգտին՝ հայտարարել է Լեհաստանի վարչապետը։
«Վարշավան պատրաստ է անհրաժեշտ ռազմաբազաներ կառուցել։ Ռուսաստանը պետք է իմանա, որ մենք ՆԱՏՕ-ի ոչ մի թիզ տարածք չենք զիջի»,- ընդգծել է Մատեուշ Մորավեցկին։
Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ճարտարապետությունն ի սկզբանե ագրեսիվ նկրտումներ է ունեցել՝ չնայած հայտարարություններին, թե այն պաշտպանական կառույց է։
ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԸ ՊԵՏՔ Է ԱՆԱՐԳԵԼ ՄՈՒՏՔ ՈՒՆԵՆԱ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱ
Համաշխարհային հանրությունը չի կարող ամբողջությամբ հաղթահարել պարենային ճգնաժամն առանց ռուսական և բելառուսական պարարտանյութերի, ինչպես նաև առանց ուկրաինական հացահատիկի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ ցորենի և պարարտանյութերի արտահանման հարցերը քննարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրամիության հետ՝ հավելելով, որ անվտանգության և տնտեսության ոլորտներում համալիր որոշումների ընդունումը բարի կամք է պահանջում բոլոր կողմերից։