Ընդդիմադիր քաղաքական ուժերն այսօր առավոտից վերսկսել են անհնազանդության ակցիաները: «Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանի տարբեր հատվածներում քայլերթեր են իրականացրել, որոշ հատվածներում կարճ ժամանակով փակել փողոցները:
Ոստիկանությունն այսօր բերման ենթարկվածների մասին տեղեկություն չի հայտնել:
Օրեր առաջ պատգամավոր Աննա Մկրտչյանի և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեսյբուքում գրել է, որ ոստիկանապետին ուղղված գրությամբ պահանջել են ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ վարույթ հարուցել, կազմել իրավախախտման արձանագրություն ու դիմել դատարան` տուգանելու պահանջով:
Ըստ Իոաննիսյանի՝ վերջին օրերին պատգամավոր Աննա Մկրտչյանը ակնհայտորեն բազմիցս խոչընդոտել է ոստիկանների օրինական գործունեության իրականացմանը և չի կատարել ոստիկանների օրինական պահանջը:Նա մանրամասնել է, որ նման արարքի համար նախատեսված է նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով տուգանք, իսկ վարչական իրավախախտումների համար պատժվելուց պաշտպանող որևէ անձեռնամխելիություն պատգամավորը չունի:
Ավելի վաղ, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին բռնության ենթարկելու դեպքով:
Ըստ նրա Մինասյանի նկատմամբ բռնությունը գործադրվում էր, երբ պատգամավորը փորձում էր ոստիկանների ուշադրությունը գրավել ուշագնաց եղած և օգնության կարիք ունեցող քաղաքացու ուղղությամբ: «Դիմադրություն» շարժումն այսօր երեկոյան ևս՝ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է անցկացրել:
Իրազեկ քաղաքացիների միավորումն աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ:
Ժամը 19:31-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում եղել է մոտ 2800 մարդ: