Մայիսի 22-ին՝ ժամը 9:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կտրվի Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկը: Բացման արարողությունը շատ գեղեցիկ է լինելու՝ ասում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը, բայց փակագծերը ժամանակից շուտ չի բացում:
Արայիկ Հարությունյան (վարչապետի աշխատակազմի ղեկավար) - Այն գնահատականները, որ մենք ստանում ենք մեր միջազգային գործընկերներից այս պահին, շատ դրական են, և մենք ուզում ենք նոր նշաձող սահմանել՝ առնվազն Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունների համար:
39 երկրի պատվիրակություն, ավելի քան 200 մարզիկ. բոլոր հարմարությունները լինելու են, որ հյուրերը Հայաստանում իրենց լավ զգան.
Կարեն Գիլոյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Հասկանալի պատճառներով, Բելառուսի և Ռուսաստանի հավաքականները չեն կարող ժամանել, Ադրբեջանի հավաքականն էլ հրաժարվեց ժամանել Հայաստան, թեպետ մենք բոլորի համար ապահովել էինք բոլոր պայմանները, և որևէ խնդիր չէր լինելու:
Բռնցքամարտի մարզադպրոցներին հատկացվել են հրավիրատոմսեր, մարզաձևի վետերաններին ու երախտավորներին ևս: Տոմսերի արժեքը կլինի 2 հազար, 5 հազար, 8 հազար և 10 հազար դրամ: Գիլոյանի խոսքով՝ միջազգայինի համեմատ ավելի մատչելի են, հաշվի են առել, որ առաջնությունը բոլորի համար է: Շատ լավ են վաճառվում կիսաեզրափակչի և եզրափակչի տոմսերը:
Կարեն Գիլոյան - Որպեսզի մեր մարզիկները հասկանան, որ տանն են մենամարտում, և դրանից թևավորվեն, պետք է որ տրիբունաներում շատ մարդ լինի ու ամեն կերպ փորձի աջակցել:
Ոչ միայն աջակցելու, այլև, ինչու ոչ, հաղթանակը միասին տոնելու հնարավորություն կլինի: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ մեր ներկայացուցիչները լավագույնս պատրաստվել են:
Հովհաննես Հովսեփյան (Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ) - Չեմ ուզի ժամանակից շուտ որևէ բան ասել, բայց կարող եմ վստահեցնել, որ ոչ մեկս, ոչ մի քաշային կարգում մեզ վատ չենք զգալու մեր մասնակիցների համար:
Արայիկ Հարությունյան - Մենք առնվազն ակնկալում ենք, որ ֆեդերացիան և մեր մարզիկները կապահովեն մեր լավագույն արդյունքի կրկնությունը, որը երկու ոսկե մեդալ է, իսկ թե դրանից որքան կգերազանցենք՝ մեր ֆեդերացիայի պատիվն է:
Մենամարտերի կիսաեզրափակիչն ու եզրափակիչը, համապատասխանաբար, մայիսի 29-ին և 30-ին են նախատեսված: Բռնցքամարտի եվրոպայի առաջնության լայն սփռումն ապահովելու համար հայկական կողմը մարզահամերգային համալիրում նաև միջազգային լրագրողների համար տեխնիկական միջոցներով հագեցած սենյակ է առանձնացրել: Առաջնության մեկնարկի պահից Երևանում սպորտային շունչ է տիրելու, քաղաքի կենտրոնում արդեն հատուկ ֆան-զոնաներ են պատրաստում, որտեղ ցանկացողները կկարողանան դիտել մենամարտերը:
Հեղինակ` Էդուարդ Հովհաննիսյան