Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտին։
Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է գործընկերոջը ՄԻՊ աշխատակազմում՝ անդրադառնալով թե՛ Պաշտպանի առաքելության մարտահրավերներին և թե՛ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի առաջնահերթություններին։
Մարկ Բեհրենդտն իր հերթին վստահություն է հայտնել, որ Քրիստիննե Գրիգորյանն իր կարևոր նպաստը կբերի Պաշտպանի գրասենյակի ինստիտուցիոնալ զարգացման գործում։
Իր գործունեության նախանշած առաջնահերթությունների շրջանակում Պաշտպան Գրիգորյանը նշել է անվտանգային խնդիրների լուծումներում մարդու իրավունքների պաշտպանության մոտեցումների ընդունումը։
Պաշտպանը ներկայացրել է նաև պատերազմի հումանիտար հետևանքների վերացման հարցերին, հատկապես գերիների ու անհետ կորած անձանց հայրենադարձման ու անհետ կորած անձանց ընտանիքներին օգտակար ու պատասխանատու տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունը։
Գործունեության առաջնահերթությունների շրջանակում Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է նաև ատելության խոսքի դեմ պայքարի, խտրականության բոլոր ձևերի բացառման և կանանց իրավունքների պաշտպանության իր նպատակադրմանը։
Մարկ Բեհրենդտի հարցմամբ Պաշտպանն անդրադարձել է նաև այս օրերին հավաքների ազատության իրավունքի իրացման ընթացքի խնդիրներին, մարդու իրավունքների խախտումների դեպքերով ՄԻՊ աշխատակազմի լիազորություններին, գործիքակազմին և իրականացվող աշխատանքներին։
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը Մարդու իրավունքների պաշտպանությանը միտված համագործակցությունը խորացնելու նոր հնարավորություններ են նախանշել։