ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Կառավարության նիստի ընթացքին ներկայացրեց անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու՝ պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման նախագիծը:
Ըստ այդմ՝ հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից:
«Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը, անկախ նրանից, թե ինչ վճարի սահմանում են կատարվել գործարքները:
Հետվճարները տարածվելու են նաև կոմունալների վճարումների վրա, եթե դրանք կատարվել են կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով»,- ասաց Մկրտչյանը:
Հետվճարը ձևավորվում է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության գործընկերության շրջանակում:
Մինչև հունիսի 1-ը նախարարությունն իր պաշտոնական կայքէջում կհրապարակի բոլոր այն գործընկեր բանկերի ցանկը, որոնք միացել են ծրագրին:
Վճարումները պետք է արվեն բանկերի վճարային տերմինալների միջոցով: ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը տեղակացրեց, որ այսօր կա 61921 նոր սերնդի ՀԴՄ, որոնցից 12 546-ն ունեն անկանխիկ ստանալու հնարավորություն:
«Նոր սերնդի ՀԴՄ նշանակում է, որ ցանկացած ՀԴՄ սարքի տիրապետող կարող է դիմել բանկին և ակտիվացնել պոստ տերմինալով վճարում ընդունելու հնարավորությունը: 49375-ի մոտ այդ ծառայությունն ակտիվացված չէ: ԿԲ մեր գործընկերներն այնպես են անում, որ կարճ ժամկետում ապահովվի, որ դրանց վրա պոստ տերմինալն ակտիվացված լինի: Հին սերնդի 514 ՀԴՄ է մնացել, որ օրենքի խախտմամբ է: Հիմա ստիպված ենք տուգանել կամ այլ սանկցիոն միջոցներ կիրառել, որ դա էլ չունենանք»,- ասաց նա: