Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, անդրադարձավ անկլավների թեմային:
«Ադրբեջանում չեն ներկայացվել իրավական հիմքեր անկլավների մասով, մինչդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով: Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ, որ ակնկալում ենք, որպեսզի Ադրբեջանն իրավական հիմքեր ներկայացնի իր կողմից ներկայացվող անկլավների հարցում, եթե նման հարցեր են բարձրացվում»,- ասաց Գրիգորյանը:
Խոսելով դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովների աշխատանքային հանդիպման մասին՝ Գրիգորյանը նշեց, որ տեխնիկական համաձայնություն չլինելու պատճառով հանդիպումը կազմակերպել դեռևս չի ստացվել:
«Հույս ունենք, որ մոտ ապագայում գոյություն ունեցող տեխնիկական հարցերին լուծում կտրվի, և աշխատանքային խումբը կհանդիպի»,- ասաց նա: