Հայաստանի ամենահզոր՝ 200 մՎտ-անոց «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցումը նախապատրաստական փուլում է: Հիմա մասնագետներն աշխատում են ծրագրի ամենակարևոր մասերից մեկի՝ կայանի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման՝ ՇՄԱԳ-ի վրա:
Միքայել Թևոսյան («Ի էյ էներջի ըդվայզորի» ՍՊԸ բնապահպանության փորձագետ) - Այս պահին մենք իրականացնում ենք հնագիտական հետազոտություններ, մոտ օրերս, կախված եղանակային պայմաններից, սկսելու ենք ուսումնասիրություններ իրականացնել կենսաբազմազանության հետ կապված, մի շարք այլ ուսումնասիրություններ:
Ուսումնասիրություններին զուգահեռ նաև հանրային քննարկում են հրավիրում: Արդեն մեկը՝ Թալինում, կայացել է: Մասնագետները լսել, ֆիքսել են բնակչների մտահոգող հարցերը, լուծումներ փնտրել: Ուսումնասիրությունները գրեթե 70 տոկոսով ավարտվել են, ևս մի քանի ամիս, և ՇՄԱԳ ամբողջ փաթեթը պատրաստ կլինի, և դրական արդյունքի դեպքում կմեկնարկեն նախագծման աշխատանքները:
Բորիս Գասպարյան (Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող) - Աշխատում է հնագետների, քարտեզագետների թիմ, որի նպատակն է քարտեզագրել ու համարակալել, որակել ու դասակարգել այս տարածքում ու նրա հարևանությամբ անմիջապես գտնվող հնագիտական միավորները կամ հնավայրերը և ման գալ լուծումներ, թե ինչպես մենք կկարողանանք արևակայան կառուցելու և ժառանգությունը պահպանելու, այդ երկու՝ իրար հակառակ միտված գործընթացները բերել գարմոնիայի, չվնասել ժառանգությունը, և նաև ունենանք այդ արևային կայանի անխափան աշխատանքը:
«Այգ-1»-ի 500-ից ավելի հեկտարում հնագետները բազմաթիվ գտածոներ են հայտնաբերել՝ որոնցից ամենահինը մոտ 300 հազար տարվա ձեռքի հատիչներ են: Տարածքում կան մ.թ.ա. 15-10-րդ դարերի դամբարաններ, որոնցից միայն խոշորն է պահպանվել, տարածքում կան նաև բնակատեղիներ, որոնց պահպանությունը ավելի բարդ է: Բորիս Գասպարյանի պնդմամբ՝ իրենք խնդրելու են ծրագրի ղեկավարներին այդ հատվածները շրջանցել:
Բորիս Գասպարյան - Դուք հարևանությամբ տեսնում եք՝ կան և՛ փոքր, և՛ մեծ արևային կայաններ, ցավոք սրտի, նրանք աճել են սնկի նման, ու մենք չենք տեսել: Ի պատիվ այս ծրագրի՝ ուզում եմ ասել, որ ծրագիրը իսկապես խնամք է տանում պատմամշակութային արժեքների պահպանության համար:
Տարածքում արդեն իսկ տեղադրվել է միջազգային չափանիշներին համապատասխան արևային և կլիմայական պայմանների մոնիթորինգի համար նախատեսված մետեոկայան՝ համալրված տարբեր չափիչ սարքերով և տվիչներով: Մետեոկայանը 1 տարի շարունակ կհավաքի տվյալներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի հաշվարկել արևային էներգիայի, տեղումների քանակը, քամու ազդեցությունը, փոշոտումը, անգամ՝ որքան էներգիա հողից կանդրադարձվի դեպի պանելներ: Արդյունքում կստանան 100-տոկոսանոց տեղեկություն, թե հետագա 20-30 տարում արևային կայանը որքան էներգիա կարտադրի:
Հայկ Թադևոսյան (ԱՆԻՖ-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն) - Մետեոկայանը դուք տեսաք, հավաքված ա, հավաքվում են բոլոր տեխնիկական տվյալները, որոնք անհրաժեշտ են ճիշտ նախագծելու և կայանը ճիշտ դիրքավորելու, ճիշտ կառուցելու համար:
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Աբու Դաբիի «Մասդար» ընկերության համատեղ ծրագրի` «Այգ-1» ֆոտովոլտային կայանի ընդհանուր ներդրումային արժեքը 174 մլն դոլար է, արտադրվող էներգիայի սակագինը սահմանվել է մեկ կիլովատ-ժամի համար 2.9 սենթ կամ այսօրվա փոխարժեքով մոտ 14 դրամ:
Հայկ Թադևոսյան - «Այգ-1» ծրագիրը մեր երկրի համար ունի շատ կարևոր ու ռազմավարական նշանակություն թե՛ ներդրումային տեսանկյունից, նաև ընդհանուր ՀՀ էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի ավելացման, նաև էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակի տեսանկյունից: Այս ծրագրով ՀՀ Կառավարությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ ընդլայնելու վերականգնվող էներգետիկայի ոլորտը ՀՀ-ում, որի համաձայն նախատեսվում է կառուցել մինչև 1000 մՎտ հզորությամբ արևային կայաններ:
«Այգ-1» ծրագրի իրականացման համար ստեղծված «Մասդար Արմենիա» համատեղ ընկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է Աբու Դաբիի «Մասդար» ընկերությանը, 15 տոկոսը՝ ԱՆԻՖ-ին: Կառուցվում է Դաշտադեմ և Թալին համայնքների տարածքում: Նախատեսում են կայանը շահագործման հանձնել 2025 թվականին: