ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանը և մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանը:
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցելության և շարունակական համագործակցությանը նպաստելու համար: Ժաննա Ադրեասյանը շեշտել է, որ կրթությունը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է, ուստի ոլորտում հաջողությամբ իրականացվում են մի շարք բարեփոխումներ:
«Կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման տեսանկյունից բավականին արդյունավետ է եղել հայկական պատվիրակության այցն Էստոնիայի Հանրապետություն՝ «Էստոնական կրթության լավագույն փորձի փոխանակման ծրագրի» շրջանակում կրթական համակարգի առանձնահատկություններն ու վերջին տարիներին միջազգային տարբեր ստուգատեսներում լավագույն արդյունք ցուցաբերելու փորձառությունն ուսումնասիրելու նպատակով: Շնորհակալ ենք հայկական պատվիրակության այցելությունը բարձր մակարդակով կազմակերպելու և արդյունավետ իրականացնելու համար»,- նշել է փոխնախարարը և հավելել, որ հայկական կողմը պատրաստակամ է զարգացնել նաև միջբուհական երկխոսությունը, որը կներառի համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:
Այդ կապակցությամբ Ժաննա Անդրեասյանը դեսպանին առաջարկել է դիտարկել համագործակցության ծրագրի կամ հուշագրի ստորագրման հնարավորությունը. «Ուրախ կլինենք հյուրընկալել մեր գործընկերներին Հայաստանում՝ հետագա ծրագրերն ու փոխգործակցության ուղղությունները քննարկելու նպատակով»:
Արտակարգ և լիազոր դեսպանը դրական է գնահատել հայ-էստոնական համագործակցության հեռանկարները և նշել, որ առաջիկայում կքննարկի գործընկերների հետ Հայաստան այցելության հարցը:
«Ուրախ եմ, որ հայկական պատվիրակության այցն արդյունավետ է եղել: Վստահ եմ, որ հանդիպումները պետք է շարունակական լինեն: Իմ այցելության հիմնական նպատակն է կամուրջ հանդիսանալ էստոնացի և հայ մասնագետների միջև: Կարծում եմ՝ փոխադարձ այցելությունները լավագույն ճանապարհն են փորձի փոխանակման համար»,- ասել է Ռինա Կալյուրանդին:
Կարևորելով հայ-էստոնական բարեկամական կապերի ամրապնդումը և համագործակցության զարգացումը՝ փոխնախարարն առաջարկել է խորացնել մշակույթի և ստեղծագործական ոլորտում գործող փոխհամագործակցությունը:
«Այդ նպատակով կարելի է դիտարկել նաև Էստոնիայում կազմակերպվող միջազգային մշակութային միջոցառումներին ՀՀ մշակութային գործիչների և խմբերի մասնակցության հնարավորությունը: Միաժամանակ Հայաստանում կազմակերպվող մշակութային միջոցառումներին պատրաստ ենք հյուրընկալել Էստոնիայի մշակութային գործիչներին»,- ամփոփել է նախարարի տեղակալը: