ՀԵՏՎՃԱՐ՝ ԹՈՇԱԿԻ ԵՎ ՆՊԱՍՏԻ ՔԱՐՏԵՐՈՎ ԱՆԿԱՆԽԻԿ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Հուլիսի 1-ից թոշակի ու նպաստի քարտերով անկանխիկ վճարումների համար 10 տոկոս հետվճար՝ քեշբեք կկիրառվի: Կառավարությունն ընդունեց նախագիծը, որի մասին դեռ նախորդ նիստին էր անոնսվել: Նախարար Մկրտչյանը մանրամասնեց՝ ծրագիրն արդեն գործընկեր բանկեր ունի, հենց դրանց քարտերով վճարումների դեպքում կաշխատի նոր մեխանիզմը, ամեն ամսվա գործարքից հետվճարը հաջորդ ամսվա սկզբին կփոխհատուցվի՝ բանկեր - Կառավարություն 5-ական տոկոս համամասնությամբ:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը, անկախ թե ինչ գումարի շրջանակում են կատարվել գործարքները: Հետվճարները տարածվելու են նաև կոմունալների վրա, եթե դրանք վճարվել են քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով:
Բանկերի անունները կհրապարակվեն շուտով, որ քաղաքացիները մեկ ամիս ժամանակ ունենան՝ ցանկության դեպքում փոխելու բանկը, եթե դրա անունը չգտնեն գործընկերների շարքում: Կարևորելով սոցիալական այս նախաձեռնությունը՝ վարչապետը բացատրեց, թե ինչու է հետվճարի համար առավելագույնը 5000 դրամի շեմը սահմանվել:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Հիմա մեր մոտ կենսաթոշակների մի քանի շերտեր կան՝ կան արտոնյալ կենսաթոշակներ, որտեղ ընդհուպ կան քաղաքացիներ, որոնք մինչև 200 հազար դրամ և ավելի կենսաթոշակ են ստանում, մենք էստեղ չենք ուզում դիսբալանս ստեղծենք:
Սա նպատակ ունի մեղմելու գնաճը՝ ի նպաստ քաղաքացու, շահավետ է նաև բիզնեսին՝ շեշտեց Փաշինյանը՝ միայն կենսաթոշակների դեպքում խոսքը տարեկան 500 մլրդ դրամի շրջանառության մասին է: Բայց որ համակարգը աշխատի՝ քարտով թոշակ ստացող տատիկ-պապիկներն էլ ամսվա սկզբին բանկոմատի մոտ պետք է հերթ չկանգնեն այն կանխիկացնելու համար: Գլխավոր ֆինանսիստը հիշեցրեց՝ այդ քարտերին մուտք անել կարող է միայն պետությունը:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Եթե նա առաջին օրը գնաց 40 հազարը կանխիկացրեց, հետո հասկացավ, որ եթե ամսվա ընթացքում անկախիկ օգտագործեր էդ գումարը՝ կստանար 4000 դրամ հետվճար, որոշի հետ տանի էդ գումարը՝ չի կարողանալու:
Նիկոլ Փաշինյան - Էս ծրագիրը փորձնական անում ենք 6 ամսով, սկսի աշխատել ծրագիրը, կվերլուծենք կհասկանանք, ինչ հնարավորություններ, ինչ թերություններ կան, հընթացս գուցե ավելի լավարկենք:
Սա կնպաստի, որ պետության սոցիալական քաղաքականությունն էլ առավելագույնս թիրախային լինի, կարիքների գնահատումը ճիշտ արվի՝ ասաց վարչապետն ու դիմեց պատասխանատու նախարարին:
Նիկոլ Փաշինյան - էս առումով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում էլ վերլուծական կարողություններ կան, և ես սպասում եմ, որ արդեն սեպտեմբերի կոնկրետ վերլուծություններ կունենանք և գուցե թե դրանք համադրենք մեր կողմից վարվող քաղաքականությունների հետ:
Որ ծրագիրն արդյունավետ աշխատի նաև մարզերում, ՊԵԿ-ն ու գլխավոր դրամատունն արդեն համատեղ աշխատում են, կազմակերպում նոր սերնդի բոլոր ՀԴՄ-ներով անկանխիկ վճարում ընդունելու ծառայության ակտիվացումը՝ զեկուցեց Ռուստամ Բադասյանը:
ԿԱՎԵԼԱՆԱ ՍԴ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Մեկ այլ ֆինանսական փաթեթով էլ որոշվեց՝ կավելանա Սահմանադրական ու Վճռաբեկ դատարանների դատավորների վարձատրությունը՝ հավելավճարները վերանայելու միջոցով: Բարձր դատարանի դեպքում դրույքաչափի 80, իսկ երրորդ ատյանի պարագայում՝ դրույքաչափի 50 տոկոսի չափով: Կանխատեսելով հասարակության մեծ մասի ոչ դրական արձագանքը՝ վարչապետը բացատրեց՝ որոշումը կայացվել է պատշաճ արդարադատություն ապահովելու համար, հանուն այն քաղաքացիների, որ առնչվում են համակարգի այդ օղակների հետ:
Նիկոլ Փաշինյան - Սա ունի սոցիալական, քաղաքական, իրավական նշանակություն, և հետևողականորեն պետք է գնանք այս ճանապարհով, քանի որ ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում լինի այնպիսի դատական համակարգ, որը, պայմանականորեն ասած, նայում է մարդկանց աչքերին, ոչ թե մարդկանց ձեռքերին:
Անկախ դատական համակարգ ունենալը համոզմունք է, նպատակ, որին հետևողականորեն պետք է հասնել նաև նման որոշումների արդյունքում՝ շեշտեց Փաշինյանը:
790 ՄԼՆ ԴՐԱՄ՝ 2020-21 ԹԹ. ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Օրակարգային մեկ այլ հարցով էլ գործադիրը 790 մլն դրամ հատկացրեց 2020-21 թվականների սուբվենցիոն ծրագրերի վճարման համար: 9 մարզի 25 համայնքում 29 ծրագիր ավարտված է, որոշ համայնքներում գույքն էլ է ձեռք բերվել՝ տեղեկացրեց տարածքային կառավարման նախարարը: Իսկ թե որտեղ ինչ է արվել՝ վարչապետը ներկայացրեց:
Ճանապարհների վերանորոգում, ոռոգման ջրագծի կառուցում, արտաքին լուսավորության ապահովում, արևային կայանների տեղադրում, գյուղտեխնիկայի ձեռքբերում՝ ցանկը մեծ է: Որ քաղաքացիների համար արվող ծրագրերը հենց քաղաքացուն ծառայեն, վարչապետը կարևորեց հանրային հաշվետվողականության ապահովումը: Մարզերից հավաքագրվող արձագանքը թույլ կտա հասկանալ՝ որքա՛ն են գոհ բնակիչներն արվածի որակից՝ դառնալով նաև լրացուցիչ վերահսկողական գործիք: