Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Միջխորհրդարանական միությունում Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանի և Իտալիայի բարեկամական հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրում ունեն նաև խորհրդարաններում գործող բարեկամության խմբերը։
Ջուլիո Չենտեմերոն նշել է, որ Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել և գնում է ժողովրդավարության ճանապարհով, չնայած երբեմն լինում են բարդ իրավիճակներ, սակայն ժողովրդավարությունը դժվարին և պատասխանատու ճանապարհ է, որով պետք է առաջ ընթանալ:
Երկուստեք կարևորվել է երկկողմ հարաբերությունների օրակարգը հարստացնելու և առկա ներուժն ամբողջությամբ իրացնելու անհրաժեշտությունը։
Այս համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը նոր էջ բացելու հնարավորություն է ընձեռում՝ ամբողջովին այլ որակ հաղորդելու երկկողմ համագործակցությանը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, զբոսաշրջության, կրթության և մշակույթի։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և անվտանգային խնդիրներին, Արցախի հիմնախնդրին, ինչպես նաև միջազգային արդի մարտահրավերներին: