ՀԱՇՏԵՑՄԱՆ ՄԻԱԿ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՌԴ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ Է. ԱՐԵՍՏՈՎԻՉ
Կիևը չի զիջի Ռուսաստանին՝ նրան տալով երկրի տարածքի մի մասը՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը։
«Հաշտեցման միակ տարբերակը Ռուսաստանի կապիտուլյացիան է, զորքերի դուրսբերումը և փոխհատուցումը»,- ընդգծել է Ալեքսի Արեստովիչը։
Նա մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինայում պատերազմը հազիվ թե ավարտվի մինչև աշուն։
«Ռազմական դրությունը 90 օրով երկարաձգելու նախագահի որոշումն արդարացի է․ ամեն անգամ ընդամենը 30 օրով այդ ռեժիմը երկարացնելը ուկրաինացիներին կեղծ հույսեր է տալիս»,- հավելել է պաշտոնյան։
ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, ՈՉ ԹԵ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՉ Է. ՄԱՐԻՆ
ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Ֆինլանդիայում դաշինքի բազաների կամ միջուկային զենքի տեղակայման հարց օրակարգում չկա՝ հայտարարել է երկրի վարչապետը։ Սաննա Մարինը նաև հույս է հայտնել, որ կառույցին միանալու դեպքում Հելսինկին կպահպանի միջազգային գործընթացներում միջնորդի կարգավիճակը։
«ՆԱՏՕ-ին անդամակցելը խաղաղության և ոչ թե պատերազմի կոչ է»,- նշել է վարչապետը, վստահություն հայտնել՝ հարկավոր է երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, որը դեռ չի աջակցել կառույցին Ֆինլանդիայի անդամակցությանը։
ԱՄՆ-Ը ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՇԽԱՏԵՆ ՈՐՊԵՍ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ. ԲԼԻՆՔԵՆ
Վաշինգտոնը և Անկարան կաշխատեն որպես դաշնակիցներ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրման գործընթացում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Նյու Յորքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։ Վերջինս, իր հերթին, հայտնել է, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև թուրքական կողմին ամերիկյան F-16 կործանիչների մատակարարման շուրջ բանակցություններում դրական առաջընթաց կա։
«ԱՄՆ պետքարտուղարը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կտեղեկացնի դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր անդամակցության վերաբերյալ Անկարայի մտահոգությունների մասին»,- հայտնել է Չավուշօղլուն։
Ամերիկյան կողմն էլ վստահ է՝ Հելսինկիի և Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցում Թուրքիայի մտահոգությունները կփարատվեն։ Բլինքենը հավելել է նաև, որ երկու երկրների օրակարգում առկա են միջազգային մի շարք այլ հարցեր։
«Բազմաթիվ մարտահրավերներ և հնարավորություններ կան, այդ թվում՝ Հարավային Կովկասում»,- մանրամասնել է դիվանագետը։
Պետքարտուղարությունից հայտնում են, որ Բլինքենն ու Չավուշօղլուն անդրադարձել են նաև Ուկրաինայում իրավիճակին, աջակցություն են հայտնել երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Պետքարտուղարը հաստատել է Կիևում ԱՄՆ դեսպանատան վերաբացումը։
ՇՎԵԴԻԱՅԻ, ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-ԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ. ՔԱԼԸՆ
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր չէ, քանի դեռ այդ երկրները չեն բավարարել անվտանգային հարցերում Անկարայի ակնկալիքները։ Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա հեռախոսազրույցներ է ունեցել Շվեդիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի գործընկերների հետ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հիշեցրել էր՝ Անկարան չի աջակցի Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ նրանք ահաբեկչական չեն ճանաչել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և Թուրքիային արտահանձնել մի խումբ քրդերի, որոնք, պաշտոնական Անկարայի կարծիքով, ահաբեկիչներ են։
ՌԴ-Ն ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ ՆԱՏՕ-ԻՆ. ՄԱՏՎԻԵՆԿՈ
Ռուսաստանը համարժեք պատասխան կտա ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը և այդ երկու երկրի տարածքում դաշինքի ներկայությանը՝ հայտարարել է Դաշնայի ժողովի Դաշնության խորհրդի նախագահը։
«Ռուսաստանը կապահովի իր անվտանգությունը»,- վստահություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոն։
Նրա խոսքով՝ Ստոկհոլմի և Հելսինկիի մուտքը ՆԱՏՕ բացասաբար կանդրադառնա Եվրոպայի քաղաքական վիճակի վրա։
«Դաշինքին անդամակցության կարիք չկար, քանի որ Ֆինլանդիային և Շվեդիային ոչինչ չի սպառնում»,- վստահեցրել է Մատվիենկոն, հավելել՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև երկխոսությունը վերսկսել հնարավոր կլինի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտից հետո։
ՄԻԼԱՆՈՎԻՉԸ ԴԵՄ Է ՆԱՏՕ-ԻՆ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԵՎ ՇՎԵԴԻԱՅԻ ՄԻԱՑՄԱՆԸ
Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը մտադիր է հանձնարարել ՆԱՏՕ-ում հանրապետության դեսպանին դեմ քվեարկել դաշինքին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի նախաձեռնությանը, քանի դեռ չի լուծվել Բոսնիա և Հերցեգովինայի ընտրական օրենսդրության բարեփոխման հարցը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Թուրքիան, ի տարբերություն Խորվաթիայի, փորձում է օգտագործել Հելսինկիի և Ստոկհոլմի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա։
Ավելի վաղ նա Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր անդամակցությունը դաշինքին «վտանգավոր խաղ» էր անվանել։
ԿՈՒՐՏԻՆ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ԵՄ-Ն ԿԸՆԴՈՒՆԻ ԻՐԵՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՅՏԸ
Չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Պրիշտինայի մտադրության մասին։
Նրա խոսքով՝ Կոսովոն ողջունում է Եվրամիությանը միանալու Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի հայտերը և հուսով է, որ կառույցն այս տարի կընդունի նաև Կոսովոյի հայտը:
«Մեր երկիրը տարածաշրջանի ամենաժողովրդավարական զարգացած երկիրն է, որն անմիջապես աջակցել է հակառուսական պատժամիջոցներին»,- նշել է Կուրտին։ Նա նաև մեղադրել է Սերբիային Մոսկվային սատարելու համար։