Կառավարությունը հավանություն տվեց ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Ակնկալվում է Սահմանադրական դատարանի դատավորի, փոխնախագահի և նախագահի հավելավճարը սահմանել 80 տոկոսի չափով, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նախագահի և պալատի նախագահի) համար սահմանել պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում:
«Մյուս կողմից՝ որպեսզի նախագծի ընդունման արդյունքում ՍԴ դատավորների կենսաթոշակի չափն իր հերթին զգալիորեն չտարբերվի մյուս ատյանի դատավորների կենսաթոշակի չափից, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում էլ նախատեսվել է կարգավորում, որ եթե դատավորի համար սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա կենսաթոշակի հաշվարկի մեջ ընդգրկվում է հավելավճարի գումարի միայն 30 տոկոսը»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ տեղյակ է, թե քաղաքացիների մեծ մասի արձագանքն ինչպիսին է այս նախագծի վերաբերյալ:
«Հատուկ եմ որոշել, որ այս հարցը պետք է Կառավարության նիստում զեկուցենք ու քննարկենք, քանի որ շատերն ասելու են՝ սոցիալական ծանր վիճակում դատավորների, Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձն եք բարձրացնում։ Մենք այս որոշումները կայացնում ենք ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն այն քաղաքացիների, ովքեր առչնվում են այդ դատարանների հետ, քանի որ պատշաճ արդարադատությունն ամենակարևոր հնարավորությունն է, որ երկրում պետք է ունենանք։ Սա ունի սոցիալական, քաղաքական, իրավական նշանակություն, և հետևողականորեն պետք է գնանք այս ճանապարհով, քանի որ ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում լինի այնպիսի դատական համակարգ, որը, պայմանականորեն ասած, նայում է մարդկանց աչքերին, ոչ թե մարդկանց ձեռքերին:
Երբ ասում ենք, որ երկրում ուզում ենք լինի անկախ դատական համակարգ, դա ձև չէ, դա քաղաքական կարգախոս չէ, դա համոզմունք է, ցանկություն, նպատակ, որին մենք հետևողականորեն պետք է հասնենք»,- ասաց նա։