Տիգրան Ճուղուրյան (Բերդ համայնքի Արծվաբերդ գյուղի բնակիչ) - Էկոլոգիապես մաքուր արտադրանք է, ընդհանրապես հավելումներ չկան, միայն սալոմից և հացահատիկի կեղևից պատրաստված արտադրանք է:
Ծղոտե ափսեն, խոստովանենք, անսովոր է: Մտահղացումը Արծվաբերդ գյուղից Ճուղուրյան եղբայրներինն է: Ասում են՝ ընտանեկան երազանքը հաջողվել է կյանքի կոչել՝ Եվրամիության աջակցությամբ, «Կանաչ արահետ» ՀԿ գործակցությամբ՝ 2021-ին հիմնելով «Գրինդիշ» սոցիալական ձեռնարկությունը: Փորձարկման փուլն ավարտվել է, արտադրանքի առաջին նմուշները պատրաստ են:
Տիգրան Ճուղուրյան - Սրանից հետո եզրերը մշակում ենք, հղկում, հաջորդը փաթեթավորման փուլն է սկսվում:
Արտադրամասը իրենց տանը կից շինությունում է: Հումքն էլ արծվաբերդցիների և իրենց սեփական հացահատիկի արտերն են, ցորենի բերքահավաքից հետո չոր հասկի մնացորդը՝ ծղոտն աղում են, հետո բարձր ճնշման և ջերմաստիճանի տակ հիդրավլիկ մամլիչի օգնությամբ հատուկ կաղապարներում ստանում յուրատեսակ ափսեները:
Տիգրան Ճուղուրյան - Լիովին կենսաքայքայվող, մեկանգամյա օգտագործման սպասք, որը կփոխարինի պլաստիկին և զերծ կպահի մեր բնությունը աղտոտումից։
Տիգրանն ասում է՝ հացահատիկի բերքահավաքից հետո գյուղացիներից շատերը այրում են դաշտում մնացած հարդը՝ վնասելով շրջակա միջավայրը, իրենք դրա փոխարեն այն կգնեն՝ սկիզբ դնելով նոր արտադրական շղթայի:
Տիգրան Ճուղուրյան - Ավանդական հումք - արտադրանք - թափոն շղթային մեզ մոտ փոխարինում է հումք - արտադրանք - հումք շղթան, քանի որ մեկանգամյա օգտագործման ափսեները օգտագործումից հետո կարող են օգտագործվել որպես անասնակեր, ևս մեկ արժեք ստեղծել գյուղատնտեսությանը զարկ տալու համար, թեկուզ եթե թողնենք բնության մեջ, արագ կենսաքայքայվող, բնական արտադրանք է, բնությունը չի աղտոտի:
Տիգրանի խոսքով՝ առայժմ սա ընտանեկան բիզնես է, բայց պահանջարկով պայմանավորված՝ տեսականու և քանակի ավելացման հետ կստեղծվեն նոր աշխատատեղեր: Մտադիր են արտադրել այն ամենը, ինչ հնարավոր է ստանալ ծղոտից: Արտադրության ընթացքում հաճախ նաև հանպատրաստից գործեր են ստացվում, օրինակ՝ բնական ձնծաղիկը՝ դաջված ափսեի կենտրոնում: Ասում է՝ նորույթով արդեն հետաքրքրվել են տուրիստական գործակալությունները:
Հեղինակ՝ Գայանե Թամամյան