Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներից ոմանց նկատմամբ վարույթ է իրականացվում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակում: Առանց անուններ նշելու՝ խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարեց գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը: Վարույթն իրականացնող մարմինն այս պահին ունի շուրջ 300 չավարտված ուսումնասիրություն, 20 ուսումնասիրություն էլ ավարտվել է, գույքը դրվել կալանքի տակ: Ավարտված գործերից 9-ն ուղարկվել են դատարան:
Սրբուհի Գալյան (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ) - Ներկայացված 9 հայցադիմումների մասով խոսքը շուրջ 43 մլրդ ՀՀ դրամի մասին է: Այս գումարի մեջ որոշակի դեպքերում ներառված չէ անձանց մասնակցությունն իրավաբանական անձանցում, և գտնում ենք, որ իրավաբանական անձանց մասնակցության արժեքների գնահատումը նաև էապես կմեծացնի այս թիվը՝ հասնելով շուրջ 60 միլիարդի:
Խորհրդարանի նիստին այսօր ևս չէին մասնակցում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները: «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանի պնդմամբ՝ նրանք փողոց են դուրս եկել հենց այս օրենքի դեմ պայքարի շրջանակում:
Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Բնական է, որ այս մարդիկ պետք է պայքարեն իրենց ունեցվածքի պահպանման համար, բնական է նաև, որ դա չպետք է անեն ուղիղ տեքստով, պետք է դա փորձեն քողարկել, օրինակ՝ Արցախի դրոշի հետևում: Սակայն, օրինակ՝ պատգամավոր Աննա Մկրտչյանը, որ տենդագին կերպով փողոցներում փորձում էր ոստիկաններին գրկել, կարծում եմ՝ Արցախը փրկելուց առաջ լավ կաներ իր հորը հորդորեր, որպեսզի Քասախ գյուղը փրկեին, որի բոլոր հողակտորները, գրեթե, ինչպես պարզվեց՝ կամ Աննա Մկրտչյանի անունով է, կամ եղբոր անունով է, կամ ընտանիքի մյուս անդամի անունով է: Վահե Հակոբյանը իրեն թույլ է տալիս Իշխան Սաղաթելյանի հետ մեկտեղ ՀՀ ոստիկանների վրա մուննաթ գալ, ասել՝ ձեր վրա մատ թափ կտամ, հայհոյել: Ես էլ այստեղից ասում եմ՝ գլուխներդ պատի՛ն կտաք, պարոնա՛յք պատգամավորներ, էն, որ դուք անձեռնմխելիություն ունեք, դա դեռ չի նշանակում, որ դուք բարոյական սահմաններ էլ չպիտի ունենաք:
Վլադիմիր Վարդանյանն էլ հիշեցրեց՝ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները օրենքը վիճարկում են Սահմանադրական դատարանում:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Զարմանալիորեն, ոչ թե այն սուբյեկտն է վիճարկում այս օրենքը դատարանում, ում նկատմամբ գործընթաց է ծավալվել, այլ ԱԺ պատգամավորների 1/5-րդը՝ աբստրակտ վերահսկողության կարգով: Այս բոլոր մեր դարդ ու ցավերի, այդ թվում՝ կապված երկրի արտաքին ու ներքին վտանգների հետ, հենց այդ օրե՞նքն էր, որ էդքան կարևոր էր մեր ընդդիմադիր գործընկերների համար, որ տարան Սահմանադրական դատարան:
Քննարկվող թեմայի շրջանակում պատգամավոր Սոնա Ղազարյանը գլխավոր դատախազի տեղակալից հետաքրքրվեց Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը բռնագանձելու գործընթացից: ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ներկայացրած հայցի համաձայն՝ առանձնատունը ձեռք է բերվել գումարով, որը հայ գործարարներից մեկը որպես կաշառք տվել է Գագիկ Խաչատրյանի ընտանիքին: Գալյանը հայտնեց՝ դեպքի վերաբերյալ քննարկումները ԱՄՆ գործընկերների հետ սկսվել են ավելի վաղ, քան Հայաստանում կազմավորվել է ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրությամբ զբաղվող ստորաբաժանումը:
Սրբուհի Գալյան - Այսինքն՝ 2018-19 թվականներից, դեռևս քրեական գործի շրջանակներում համապատասխան հարցումներ են ուղարկվել բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, և Նահանգների գործընկերները պատրաստակամություն են հայտնել օգնելու Հայաստանի Հանրապետությանն այս հարցում:
ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՇՐՋԱՆԱԿԸ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում իրականացվող ուսումնասիրությունների արդյունավետությունը բարձրացնելու համար Կառավարությունը փոփոխությունների և լրացումների օրինագիծ է մշակել: Առաջարկվում է ընդլայնել օրենքում գործածվող «պաշտոնատար անձ» հասկացությունը:
Սրբուհի Գալյան - Դրանում, բացի հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից, ներառել նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց:
Դատախազությունն անհրաժեշտ է համարում նաև ավելացնել ուսումնասիրությունների իրականացման ժամկետը՝ 2-ից դարձնելով 3 տարի:
Սրբուհի Գալյան - Երկարաձգումն առաջարկվում է տարածել ինչպես ապագայում նախաձեռնվելիք ուսումնասիրությունների նկատմամբ, այնպես էլ ներկայումս առկա, բայց չավարտված ուսումնասիրությունների նկատմամբ՝ հիմքում ունենալով այն, որ որոշակի ուսումնասիրություններ իրենց բովանդակությամբ բավականին բարդ են, բազմադրվագ, պարունակում են, օրինակ՝ 40-50 անուն անշարժ գույքեր, 10-20 իրավաբանական անձինք, փոխկապակցված բազմաթիվ անձինք:
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Օրինագծի մանրամասն քննարկումից հետո պատգամավորներին ներկայացվեց Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը: Արդիականացված օրենսգրքից դուրս են մնալու բանտային ռեժիմների տեսակները: Բացի, կիսաբացի, կիսափակի, փակի և բուժականի փոխարեն անվտանգության երեք գոտի կլինի՝ ցածր, միջին և բարձր ռիսկայնության:
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Յուրաքանչյուր դատապարտյալի անհատական պլանավորման հիմքում պետք է ընկած լինի նրա ռիսկերի և կրիմինոգեն կարիքների գնահատումը: Ըստ այդմ էլ անձինք պետք է տարանջատվեն ցածր ռիսկայնության, միջին ռիսկայնության և բարձր ռիսկայնության շրջանակներում:
Նոր երեք գոտիներին կհարմարեցվի նաև բուժական հիմնարկը, ազատազրկվածներից յուրաքանչյուրի համար էլ անհատական պլան կկազմվի: Խորհրդարանը քննարկված նախագծերն ընդունեց առաջին ընթերցմամբ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան