Հայաստան-ԵՄ հարաբերություններ, Հարավային Կովկասում տիրող իրավիճակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթաց, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն: Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստին ընդառաջ քննարկվելիք թեմաների ընդամենը մի մասն է լրագրողներին ներկայացնում Հայաստանի արտգործնախարարը: Արարատ Միրզոյանի խոսքով՝ առանցքում նաև հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման ու հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներն են լինելու:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Անչափ գոհացնող է, որ չնայած բազմաթիվ մարտահրավերներին՝ Հայաստանին և Եվրամիությանը տարբեր մակարդակներում հաջողվում է ապահովել բանակցությունների և գործակցության շարունակականությունը:
ԿԱՐԵՎՈՐ Է ՔՆՆԱՐԿԵԼ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԼՂ-ՈՒՄ
Հայաստանի գլխավոր դիվանագետը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ վերահաստատելով՝ Ադրբեջանի առաջարկած կետերում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, սակայն դրանք չեն հասցեագրում հավանական և ակնկալվող խաղաղության պայմանագրի ամբողջ օրակարգն ու խնդիրների ամբողջական շրջանակը։
Արարատ Միրզոյան - Եվ այս առումով մեզ համար կարևոր է քննարկել Լեռնային Ղարաբաղում իրավունքների և անվտանգության, ինչպես նաև կարգավիճակի հարցերը։ Մենք կարծում ենք, որ կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և մանդատի համաձայն շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Մինչև այժմ մենք Ադրբեջանի կողմից այս կետերի վերաբերյալ դրական արձագանք չենք լսել։ Բայց դուք գիտեք, որ ջանքեր են գործադրվում այդ բանակցությունները հնարավոր դարձնելու համար։ Այնպես որ, ես կարող եմ միայն ընդգծել մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալուն միտված Հայաստանի պատրաստակամությունն ու հանձնառությունը: Բայց դրա համար անհրաժեշտ է երկու կողմի պատրաստակամությունը:
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Արտգործնախարար Միրզոյանն նաև պարզաբանել է, թե ինչու չի կայացել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով մայիսի 16-ին և 17-ին նախանշված հանդիպումը:
Արարատ Միրզոյան - Հանդիպումը չի կայացել, սակայն կարող եմ վստահեցնել, որ մենք կշարունակենք այն կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ՝ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա:
Գործընկերության խորհրդի նիստից առաջ Երևանի և Բաքվի հարաբերություններին անդրադարձել է նաև Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, կարծիք հայտնել, որ կողմերը դեռ հեռու են համաձայնության հասնելուց, սակայն Բրյուսելը բարձր կգնահատի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան համաձայնագիր կնքել, հաջողության դեպքում էլ Եվրամիությունը ցանկացած հնարավոր աջակցություն կցուցաբերի, որ այդ համաձայնագիրը իրականություն դառնա:
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ-ԵՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Հայտարարություններից և կարճ հարցուպատասխանից հետո նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը: ԵՄ պատվիրակությունը ղեկավարում էր Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Գործընկերության խորհուրդը ողջունել է դատաիրավական բարեփոխումների Հայաստանի ազգային ռազմավարության և ազգային հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման գործընթացում արձանագրված ձեռքբերումները, միաժամանակ ընդունել՝ մարտահրավերներ դեռ կան։ Խորհուրդն ի գիտություն է ընդունել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Հայաստանի պատրաստակամությունը։ Բրյուսելն արձանագրել է Վիզաների դյուրացման համաձայնագրի հաջող իրականացումը և առաջարկել Երևանին շարունակել ջանքերն այդ ուղղությամբ: