Հայաստանում հեռուստատեսային լսարանի չափումներով զբաղվող միակ` «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունում «Մեդիահաուզ Արմենիա» ընկերության պատվերով իրականացվել է միջազգային աուդիտ:
Ըստ մասնագիտացված միջազգային աուդիտորական 3M3A ընկերության եզրափակիչ եզրակացության՝ «Ադմոսֆեր Արմենիայի» համակարգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Այն հիմնովին թերի է, և անհնար է հիմնվել նրա տրամադրած չափումների վրա՝ որպես շուկայական արժույթի:
Այս եզրակացության համաձայն՝ «Ադմոսֆեր Արմենիայի» հեռուստալսարանի չափումները չեն կարող համարվել օբյեկտիվ և վավեր, ուստի պետք է անհապաղ դադարեցնել սխալ տվյալների տրամադրումը հեռուստաշուկային:
Նման եզրակացությամբ հարցականի տակ են առնվում տարիներ շարունակ հեռարձակման և գովազդի ոլորտներում՝
• գովազդատուների կատարած ծախսերի և դրանց արդյունքում ձևավորված եկամուտների իրական հարաբերակցությունը.
• կատարած ներդրումների և գովազդից ստացած արդյունքի հիման վրա բիզնեսի հետագայի մասին կայացրած որոշումների ճշգրտությունը.
• արտադրված հեռուստանախագծերում կատարված ներդրումները, դրանց վարկանիշների հիման վրա կատարված կարգավորումներն ու կայացված որոշումները.
• գովազդատուների միջև արդար մրցակցային դիրքերի դասավորությունը շուկայում:
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով վարկանիշային տվյալների կենսական նշանակությունը ոլորտի համար՝ «Մեդիահաուզ Արմենիա» ընկերությունը կոչ է անում հեռուստագովազդային գործունեության հետ առնչվող բոլոր ընկերություններին հետևություններ անել այս ամենից:
Միևնույն ժամանակ, այս խնդիրն արդեն ներկայացվել է նաև ԱԺ համապատասխան գլխադասային հանձնաժողովին, և առաջիկայում ակնկալվում են դրան իրավական կարգավորում տալու նպատակով քննարկումներ սկսել:
Հետագա զարգացումների մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Աուդիտի ամբողջական եզրակացությունը՝ ստորև: