Ադրբեջանը դեռ չի ներկայացրել անկլավների հարցով իրավական հիմքեր, մինչդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների մասով՝ անդրադառնալով այդ թեմայով Բաքվի հայտարարություններին՝ նշեց Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Արմեն Գրիգորյան (ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար) - Մենք ակնկալում ենք, որպեսզի Ադրբեջանը իրավական հիմքեր ներկայացնի այդ՝ իր կողմից ներկայացվող անկլավների հարցում:
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպման վերաբերյալ Գրիգորյանն ընդգծեց՝ հուսով է, որ առաջիկայում տեխնիկական հարցերը կլուծվեն, և աշխատանքային հանդիպումը կկայանա: Հանձնաժողովի կազմը պատրաստ է, ըստ նրա, պատշաճ պահի աշխատանքային խմբի ղեկավարությունն այդ մասին կհայտարարի:
Արմեն Գրիգորյան - Ինչպես գիտեք, Սոչիի և Բրյուսելի հայտարարություններով Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են երկկողմ աշխատանքային խումբ՝ սահմանազատման և սահմանագծման հարցերով, և մենք կարող ենք օգնություն խնդրել և՛ Մոսկվայից, և՛ Բրյուսելից, դա, բնականաբար, լինելու է երկկողմ աշխատանքային խմբում:
ԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԻՆ
Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, Երևանի մոտեցումն է եղել՝ միացնել Հայաստանի և Ադրբեջանի առաջարկների փաթեթները և սկսել բանակցությունները: Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը հարցը բարձրացրել է Բրյուսելում:
Արմեն Գրիգորյան - Մենք հույս ունենք, որ ինչ-որ պահի գալու ենք ընդհանուր հայտարարի խաղաղության օրակարգի շուրջ: Խաղաղության օրակարգը չի կարող միակողմանի լինել: Խաղաղության օրակարգը պետք է երկկողմ լինի, ներառի երկու առաջարկների փաթեթը, որը պետք է միացնել և առաջ շարժվել: Կշարունակենք աշխատել, որպեսզի կարողանանք հասնել արդյունքի:
Հայաստանն առաջնային է համարում արցախցիների անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը, ինչից էլ բխելու է Արցախի կարգավիճակը՝ ընդգծեց Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ նշելով, որ Երևանն այդ օրակարգով է գնալու բանակցությունների: Արմեն Գրիգորյանը պատասխանեց նաև կենսաանվտանգության վերաբերյալ հարցին, ասաց՝ վարչապետի հրամանագրով գործում է իր համակարգմամբ աշխատանքային խումբ:
Արմեն Գրիգորյան - Հայաստանում բոլոր լաբորատորիաներում աշխատում են ՀՀ քաղաքացիներ, դրանք գործում են ՀՀ օրենսդրությամբ, միտված են սպասարկելու միայն ՀՀ շահերը: Կենսաանվտանգության հարցերը եղել են ՀՀ-ի, ՌԴ-ի անվտանգության խորհրդի գրասենյակների օրակարգում, ռուս գործընկերների բարձրացրած բոլոր հարցերը ստացել են սպառիչ պատասխաններ:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱԿՑԻԱՆԵՐԸ ՉՈՒՆԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Անվտանգության խորհրդի քարտուղարը, անդրադառնալով ռուսական մամուլում տարածված տեղեկությանը, ըստ որի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ՝ Հայաստան ուժեր ուղարկելու համար, համարեց դրանք կեղծ: Նշեց՝ ընդհանրապես վարչապետի մասին կեղծ լուրերի տարափը վերջին շրջանում ահագնացել է:
Արմեն Գրիգորյան - Բնականաբար, այդ լուրը ևս կեղծ է: Ուզում են արձանագրել, որ վարչապետ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական բոլոր հարցերում միշտ էլ ապավինել է հայ ժողովրդի կամքին, նույնիսկ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված լուրջ ճգնաժամի ժամանակ նա ապավինել է միայն ժողովրդի կամքին ու ճգնաժամի լուծումը տեսել է ներքաղաքական ինստիտուցիոնալ կարողությունների շրջանակում:
Ընդդիմության բողոքի ակցիաների հանգուցալուծումը, Գրիգորյանի խոսքով՝ բացառապես տեսնում է Հայաստանի ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով: Նրա գնահատմամբ՝ ընդդիմության ակցիաները չունեն հանրային աջակցություն: