Միացյալ Նահանգները համոզված է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորումը:
Այդ մասին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ «Արմենպրեսին» տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին:
«Անշուշտ, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս մնում է չլուծված»,- վերահաստատել է ԱՄՆ դեսպանը՝ ընդգծելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:
Դեսպանի խոսքով՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն համապարփակ խաղաղության հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ: Այդ իմաստով Վաշինգտոնում համոզված են, որ տևական հակամարտության հիմքում գտնվող խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները:
Դեսպան Թրեյսին շեշտում է, որ Միացյալ Նահանգները խրախուսում է խաղաղ բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև և պատրաստ է ներգրավվել երկկողմ ձևաչափով և համախոհ երկրների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
- 2019 թ. հունվարին, երբ տեղեկություն ստացանք Հայաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպանի, այսինքն՝ Ձեր նշանակման մասին, տիկին Թրեյսի, ուսումնասիրելով Ձեր կենսագրությունը՝ իմ հոդվածում նկարագրեցի Ձեզ որպես խիզախ կին, «հերոսուհի դիվանագետ», որը դիվանագիտական ծառայություն է անցել Քաբուլում, Աֆղանստան, հետո՝ Փեշավարում, Պակիստան: Գիտեմ, որ այդ ընթացքում թիրախավորվել եք «Ալ Կաիդա» և «Թալիբան» ծայրահեղական խմբավորումների կողմից, նույնիսկ ահաբեկչական հարձակման եք ենթարկվել 2008 թ. օգոստոսին Փեշավարում, որտեղ ԱՄՆ հյուպատոսության գլխավոր դիվանագիտական պաշտոնյան էիք, սակայն չեք լքել Ձեր դիրքերը, որոշում եք ընդունել մնալ և ավարտին հասցնել Ձեր առաքելությունը՝ ի հեճուկս բոլոր սպառնալիքների, ինչի համար մեկ տարի անց՝ 2009 թվականին, արժանացել եք ԱՄՆ պետքարտուղարի կողմից շնորհվող Հերոսության մեդալի: Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում՝ ունենալով այսպիսի հարուստ մասնագիտական փորձ, ինչպե՞ս է անցնում դիվանագիտական առաքելությունը մեր տարածաշրջանում՝ Աֆղանստանի և Պակիստանի հետ համեմատ, և ինչպե՞ս կնկարագրեք դիվանագիտական առաքելության այս վերջին երեք տարիները Երևանում:
- Մինչ Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակվելն իմ դիվանագիտական կարիերայի ընթացքում, անշուշտ, առիթ եմ ունեցել աշխատելու մարտահրավերներով լեցուն, բայց և ուշագրավ մի շարք վայրերում: Ամեն մի երկիր ունի իրեն բնորոշ դժվարություններն ու հնարավորությունները, սակայն տարբեր պայմաններում ձեռք բերած դիվանագիտական փորձից նաև արժեքավոր դասեր եմ քաղել:
Ինչպես նկատեցիք՝ վերջին երկու տարին դժվարին ժամանակաշրջան էին Հայաստանի համար. հայ ժողովուրդը ՔՈՎԻԴ-19-ի համավարակից զատ, որը խաթարեց աշխատանքային առօրյան ու կենցաղը ողջ աշխարհում, 2020 թ. վերջին բախվեց նաև Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ մարտական գործողությունների վերսկսմանը, որն ավարտվեց փխրուն հրադադարով: Սա ակնհայտորեն անդրադարձավ նաև իմ աշխատանքի վրա՝ որպես Հայաստանում ԱՄՆ դեսպանի, սակայն այն նաև վերստին ընդգծեց դիվանագիտության կարևորությունը և մասնավորապես՝ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրությունը:
Չնայած այս մարտահրավերներին՝ ինձ համար պատիվ է ծառայել այստեղ որպես ԱՄՆ դեսպան, աշխատել մեր երկու երկրների ժողովուրդների համար կարևոր հարցերի շուրջ և աշխատանքին զուգընթաց ծանոթանալ բազմաթիվ հոյակապ մարդկանց:
- Այս տարի Հայաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: ԱՄՆ-ը աշխարհի առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը 1991 թ. դեկտեմբերի 25-ին, երբ նախագահ Ջորջ Բուշ Ավագը ամերիկյան ազգին հասցեագրված ուղերձով հայտարարեց Խորհրդային Միության փլուզման մասին: Բայց պատմությունն ասում է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները շատ ավելի խոր արմատներ ունեն: Ուրեմն, ինչպե՞ս կբնութագրեք Հայաստան-Միացյալ Նահանգներ միջպետական հարաբերությունները և ավելի լայն իմաստով հայ-ամերիկյան կապերը այս նշանավոր տարեդարձի կապակցությամբ:
- Ինչպես նկատեցիք՝ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նշում են մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին, սակայն մեր ժողովուրդների փոխգործակցությունը շատ ավելի վաղ է սկիզբ առել: Հայաստանի հետ մեր փոխգործակցության ասպարեզում մենք 1991 թվականից կամ Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր մեծ առաջընթաց ենք ունեցել՝ ի հեճուկս առկա մարտահրավերներին:
Միացյալ Նահանգները շատ բարձր է գնահատում Հայաստանի հետ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված մեր փոխգործակցությունը և շարունակում է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա դրական շարժընթաց նախանշել: Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների օրակարգին և լինել Հայաստանի գործընկերն այդ նպատակներին հասնելու ճանապարհին: Մեր աջակցությունը ներառում է տարբեր ոլորտներ՝ ներառյալ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը, իրավապահ բարեփոխումները, ներառական տնտեսական աճի խթանումը, միջազգային անվտանգության ապահովումը և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումն ու մարդասիրական օգնության ցուցաբերումը:
- Եվ ո՞ւր ենք մենք հասել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման առումով դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակին, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում հետագա տասնամյակների համար:
- Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ եւս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
- Մարտի 23-ին տեղի ունեցավ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության երկրորդ վիրտուալ նիստը, որի ընթացքում, ինչպես Միացյալ Նահանգների դեսպանությունն է հաղորդել, երկու կողմի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են երկու երկրների ընթացիկ համագործակցությունը պաշտպանական և անվտանգային տիրույթում և դիտարկել փոխգործակցության ընդլայնման ուղիները՝ միտված ընդհանուր մարտահրավերների արձագանքմանը: Հաշվի առնելով Հայաստանի հետպատերազմական մարտահրավերները պաշտպանության և անվտանգության ոլորտում՝ շատ ուշագրավ է, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև նման քննարկումներ են լինում բարձր մակարդակով: Կարո՞ղ են արդյոք նման քննարկումները նոր հեռանկարներ բացել հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնման համար:
- Հայ-ամերիկյան հարաբերությունների առանցքում ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայություն են, սակայն մեր դրական փոխգործակցության օրակարգն այդքանով չի սահմանափակվում: Կայուն և ներառական տնտեսական աճի խթանում, առևտրի և ներդրումների ավելացում, տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովում, էներգետիկ անվտանգություն, բնական պաշարների պատասխանատու կառավարում, ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքար, ներդրումներ մարդկային ռեսուրսում՝ կրթության և աշխատուժի կատարելագործման միջոցով. ահա հայ-ամերիկյան փոխգործակցության լայն ու ընդգրկուն տիրույթը, որի ամրապնդման ուղղությամբ մենք շարունակում ենք ջանքեր գործադրել: Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որտեղ ամփոփվում են մեր փոխգործակցության բոլոր կողմերը, ընդգծում է մեր երկու երկրների փոխգործակցության արժեքն ու կարևորությունը:
- Իսկ առհասարակ ո՞րն է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հիմնական նպատակը, դեպի ո՞ւր են դրանք տանում, այլ խոսքերով՝ նախաձեռնված քննարկումներն ունենալո՞ւ են որևէ ենթադրյալ արդյունք:
- Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը մենք չենք դիտարկում սոսկ որպես կոնկրետ արդյունքներ ապահովելու մեխանիզմ, այն նաև բարձր մակարդակում մեր երկու կառավարությունների միջև երկխոսության հարթակ է, որի միջոցով ընդգծում ենք երկկողմ հարաբերությունների ամրապնդման մեր հանձնառությունը: Այս երկխոսության շրջանակում մենք կարող ենք քննարկել մեր փոխգործակցության բազմաթիվ բաղադրիչներ՝ ինչպիսիք են, օրինակ, տնտեսական բարեկեցության ձևավորումը, արդարադատության բարեփոխումների առաջընթացը, ժողովրդավարական կայացման ու մարդու իրավունքների խթանումը և պաշտպանական ու անվտանգային համագործակցության ամրապնդումը:
- Հիշում եմ, որ դեռևս 2018 թ. Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը նամակով կոչ էր արել ԱՄՆ Պետական դեպարտամենտին ռազմավարական մակարդակի բարձրացնել հայ-ամերիկյան հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր շահերի, ընդհանուր արժեքների և երկու ազգերի ամուր բարեկամության վրա: Ռազմավարական երկխոսությունը միտված է այդ «ռազմավարական թարմացմա՞նը» երկկողմ հարաբերություններում:
- Մենք արժևորում ենք մեր գործակցությունը Հայաստանի հետ, որի հիմքում մեր ընդհանուր արժեքներն են, իսկ ակունքներում՝ մեր ժողովուրդների երկարամյա կապերը: Ռազմավարական երկխոսությունը ընդգծում է Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների ուղղությամբ համատեղ աշխատելու մեր հանձնառությունը:
- ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թ. Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 219 մլն դոլար: Ինչպե՞ս եք գնահատում երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան վերջին տարիներին: Փոխգործակցության ընդլայնման հետագա հեռանկարներ տեսնո՞ւմ եք այս բնագավառում:
- Մենք աջակցում ենք Հայաստանի տնտեսական աճին և անվտանգությանը, որպեսզի տնտեսության մեջ ներգրավվածների ու դրանից օգուտներ ստացողների թիվն ավելի մեծ լինի Հայաստանում: Մենք նաև աշխատում ենք տնտեսական կառավարման ամրապնդման, մրցակցային ոլորտների հնարավորությունների մեծացման, էներգետիկ շուկայի ազատականացման և մրցունակության, ջրային խնդիրների լուծման, աճի ներուժ ունեցող ոլորտներում (զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ) կարողությունների զարգացման և աշխատաշուկայում կադրային պահանջարկի անհամապատասխանության կարգավորման հարցերի շուրջ:
- 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հայտնի քաղաքական փոփոխություններից հետո հայ-ամերիկյան քննարկումների համատեքստում ամենաշատ բարձրացվող հարցերից մեկն այն էր, որ Միացյալ Նահանգները պետք է արձագանքի Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին՝ էապես ավելացնելով իր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը, քանի որ երկիրը շարժվում է զարգացման ճիշտ այն ուղղությամբ, որը Միացյալ Նահանգները խրախուսել է վերջին 25 տարիներին: Տեղի ունեցած իրադարձություններից հետո Վաշինգտոնի մոտեցումներում էական փոփոխություններ եղե՞լ են Հայաստանի առնչությամբ՝ ներառյալ ԱՄՆ աջակցությունը քաղաքական, տնտեսական և այլ բարեփոխումներին Հայաստանում:
- Հայաստանի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգներն աջակցել է Հայաստանի ժողովրդավարական ձգտումների կենսագործմանը. դա արվել է ոչ թե այն պատճառով, որ ժողովրդավարությունը մեզ մոտ կատարյալ է, այլ այն պատճառով, որ մենք գիտենք, թե ինչքան ջանք ու եռանդ է պահանջվում այն պահպանելու ու պաշտպանելու համար: Այս խնդրի կենսագործման ճանապարհին առանցքային է ամուր ժողովրդավարական հաստատությունների ձևավորումն ու դրանց պահպանումը, իրավունքի գերակայության հաստատումը, ներառական տնտեսական հնարավորությունների ապահովումը բոլորի համար, կրթության հասանելիության մեծացումը և խոցելի խմբերի սոցիալական պաշտպանությունը: Սա գործընթաց է, որը պահանջում է միասնականություն, վճռականություն, տոկունություն ի դեմս այն մարտահրավերների, որոնք ի հայտ են գալիս առաջընթացի ճանապարհին:
Մենք սատարում ենք ՀՀ կառավարության ջանքերին, որոնք միտված են հայ ժողովրդի՝ ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների ու աշխատանքի պաշտպանության, անվտանգության, ներառական տնտեսության և իրավունքի գերակայության վերաբերյալ ակնկալիքների իրագործմանը:
Վերջին 30 տարվա ընթացքում Միացյալ Նահանգները տրամադրել է շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար՝ Հայաստանում մարդկանց կյանքը բարելավելու նպատակով: 2018 թ. իշխանափոխությանը հաջորդած տարում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությունը Հայաստանին ավելացվեց 88 տոկոսով, իսկ 2018 թ. ապրիլ-մայիս ամիսների դեպքերից հետո Միացյալ Նահանգներն առաջին պետությունն էր, որ ընտրական աջակցություն ցուցաբերեց Հայաստանին: 2021 թ. ԱՄՆ կառավարությունը հատկացրել է 76 միլիոն ԱՄՆ դոլար հրատապ կարիքների, տնտեսական անվտանգության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և կառավարման, անվտանգության և ապահովության, սոցիալական և մարդու իրավունքների ծրագրերի իրականացման համար:
- Մարտի 28-ին տեղեկություն եկավ Վաշինգտոնից այն մասին, որ նախագահ Բայդենի վարչակազմը 2023 թ. պետբյուջեի նախագծով առաջարկել է ավելի քան 24 մլն դոլարի արտաքին օգնություն հատկացնել Հայաստանին, ինչը 21 միլիոն դոլարով քիչ է 2022 թ. ֆիսկալ տարվա բյուջեով ՀՀ-ին հատկացված ֆինանսական օժանդակությունից: Արցախին օգնություն հատկացնելու մասին որևէ հիշատակում չկա: Սակայն առցանց մամուլում և սոցիալական մեդիայում հակասական տեղեկություններ և մեկնաբանություններ են հրապարակվում այս հարցի վերաբերյալ, որոշ հեղինակներ էլ ասում են, որ դա ճշգրիտ թիվը չէ: Ուստի կխնդրեի պարզաբանել՝ ո՞րն է առաջարկվող ֆինանսական օգնության ճշգրիտ թիվը և եթե վարչակազմը որոշել է կրճատել այդ օգնությունը, ապա ո՞րն է պատճառը: Հնարավո՞ր է, որ Կոնգրեսում սպասվող քննարկումների և ընթացակարգերի արդյունքում այդ գումարը ավելանա:
- Ուրախ եմ, որ այս հարցին անդրադարձաք, քանի որ դրա հետ կապված որոշ թյուընկալումներ կան: ԱՄՆ բյուջետային գործընթացը բավականին խրթին է և ենթադրում է բյուջետային տարբեր առաջարկների ներկայացում, որին հաջորդում են քննարկումները, ապա Կոնգրեսն ընդունում է վերջնական որոշում: 2023 ֆինանսաբյուջետային տարվա թիվը դեռևս հաստատված չէ, ուստի մենք չենք կարող համեմատել 2022 ֆինանսաբյուջետային տարվա հետ: Սակայն միանշանակ կարող եմ փաստել, որ մեր հանձնառությունը՝ շարունակելու Հայաստանի հետ մեր փոխգործակցությունն ընդհանուր ժողովրդավարական արժեքներն առաջ մղելու ուղղությամբ, մնում է անփոփոխ:
- 2019 թվականին ԱՄՆ կառավարությունը որոշում էր ընդունել դադարեցնելու Արցախում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը, սակայն 2022 թ. պետբյուջեով Հայաստանին հատկացված փաթեթը ներառում էր նաև հավելյալ 2 մլն դոլարի աջակցություն 2020 թ. Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո ականազերծում իրականացնելու համար: Կա՞ արդյոք որևէ հնարավորություն կամ հավանականություն, որ Արցախի ականազերծման ծրագիրը կվերականգնվի:
- ԱՄՆ կառավարությունն իր գործընկեր «Հալո-Թրասթ» կազմակերպության միջոցով աջակցել է Լեռնային Ղարաբաղի ականազերծման աշխատանքներին: Այդ ծրագիրն ավարտվեց 2020 թվականին, երբ «Հալո-Թրասթի» զեկույցները մատնանշեցին, որ ընդգրկված տարածքների շատ բարձր տոկոսն ականազերծվել է: Մենք շարունակում ենք դիտարկել, թե ինչպես կարող ենք օգնել վերջին հակամարտությունից տուժածներին:
- Ի դեպ, քանի որ Դուք ծնվել և մեծացել եք Օհայոյի Բարբերթոն քաղաքում, Ձեր կենսագրության այս հատվածն ինձ մոտ շատ լավ հիշողություններ առաջացրեց, քանի որ Օհայոն ամերիկյան առաջին նահանգն է, ուր այցելել եմ 2016 թվականին՝ Պետդեպարտամենտի ծրագրով ԱՄՆ նախագահի ընտրությունների եզրափակիչ փուլը լուսաբանելու համար: Դա իմ լավագույն և ամենահիշարժան ճամփորդություններից մեկն էր, քանի որ այն շատ օգնեց ե՛ւ իմ լեզվական գիտելիքների բարելավմանը, ե՛ւ մասնագիտական որակների բարձրացմանը, ե՛ւ առհասարակ աշխարհայացքի ընդլայնմանը: Նման ծրագրերի շնորհիվ օտարերկրյա մասնակիցները հնարավորություն են ստանում ծանոթանալու աշխարհի ամենահզոր տնտեսությանը, աշխարհի ամենահայտնի և ամենաօրինակելի ժողովրդավարական մոդելներից մեկին՝ ամերիկյան ժողովրդավարությանը և գործնականում տեսնելու՝ ինչպես է այն աշխատում, այդ թվում՝ ինչպես են անցկացնվում ընտրությունները աշխարհի ամենադեմոկրատական երկրներից մեկում: Այդ գիտելիքները նա կարող է իր հետ բերել իր երկիր և որևէ օգուտ տալ իր պետությանն ու հասարակությանը: Ու քանի որ, ինչպես ենթադրում եմ, նմանատիպ ծրագրերը ԱՄՆ արտաքին հարաբերությունների, այդ թվում ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների մի զգալի հատվածն են զբաղեցնում, հետաքրքիր է, թե ի՞նչ նոր ծրագրեր է ԱՄՆ դեսպանատունը նախատեսում առաջարկել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, մեդիադաշտին և քաղաքական դասի ներկայացուցիչներին մոտ ապագայում:
- Շնորհակալ եմ հարցի համար: Ձեր փորձը ևս ընդգծում է, թե ինչու ենք մենք կարևորում մարդկանց միջև երկուստեք շփումների ու կապի ամրապնդումը: Միմյանց անձնապես ճանաչելը օգնում է հասնել փոխըմբռնման ավելի բարձր մակարդակի, որն իր արտացոլումն է գտնում ավելի լայն համայնքային շրջանակներում ու ամբողջական պետությունների մակարդակով:
Դեսպանությունը տարբեր միջոցներով նպաստում է մարդկանց միջև կապերի ձևավորմանը, մասնավորապես՝ իրականացվում են անգլերենի ուսուցման ծրագրեր, Հայաստանում ԲՏՃՄ (բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի) կրթության կատարելագործման և մշակութային պահպանության նախաձեռնություններ, ինչպես նաև փոխանակման ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս ՀՀ քաղաքացիներին այցելել Միացյալ Նահանգներ և շփվել համապատասխան ամերիկյան շրջանակների հետ:
Մեր բազմաթիվ ծրագրերից թերևս կառանձնացնեմ Երևանի պետական համալսարանի և Արիզոնայի համալսարանի համագործակցության արդյունքում ձևավորված ամերիկագիտության նոր մագիստրոսական ծրագիրը, որի առաջին ընդունելությունը տեղի ունեցավ անցյալ տարվա աշնանը:
- Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ՝ վերահաստատո՞ւմ եք արդյոք 2020 թ. տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո Ձեր կողմից բազմիցս արտահայտված այն դիրքորոշումը, որ Միացյալ Նահանգները լուծված չի համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և որ հիմնախնդիրը պետք է համապարփակ լուծում ստանա: Ճի՞շտ եմ արդյոք հասկանում Վաշինգտոնի դիրքորոշումը, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցված հայտնի սկզբունքների հիման վրա:
- Անշուշտ, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս մնում է չլուծված: Մենք շարունակում ենք կարծել, որ տևական լարվածության հիմքում գտնվող և 2020 թ. ռազմական գործողություններին հանգեցրած խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները: Մենք խրախուսում ենք շարունակել խաղաղության բանակցությունները և պատրաստ ենք ներգրավվել երկկողմ ձևաչափով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Մինսկի խմբի համանախագահները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հարցով, քանի որ Ադրբեջանը արդեն լուծել է այդ խնդիրը նրանց փոխարեն»: Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հնչեցրել է այս միտքը, ընդ որում՝ շատ ագրեսիվ ու քամահրական տոնով՝ ինչպես արձանագրված է պաշտոնական հայտարարություններում և մամուլի հրապարակումներում: Ուրեմն ինչպե՞ս կարելի է վերականգնել Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունների գործընթացը՝ նկատի ունենալով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը Մինսկի խմբի գործունեության առնչությամբ: Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Միացյալ Նահանգներն այդ ուղղությամբ:
- Թույլ տվեք ընդգծել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում: Սա նաև ներառում է ուղիղ կապի գործող մեխանիզմների օգտագործումը՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր չկարգավորված խնդիրներին և նորմալացնելու հարաբերությունները՝ խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրմամբ: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի այս ջանքերին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում՝ տևական և համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով:
- Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում՝ ներառյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի զինադադարի կոպտագույն խախտումները, ռազմական ներխուժումը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ, Արցախում հումանիտար ճգնաժամի հրահրումը տարբեր միջոցներով՝ ինչպիսիք են գազի մատակարարման պարբերական խաթարումները, ադրբեջանական զինուժի փորձերը սահմանային հենակետերից բարձրախոսներով հնչեցվող հայտարարություններով խաղաղ բնակչությանը ահաբեկելու, բարոյահոգեբանական ճնշում գործադրելու փորձերը՝ ինչպես եղավ, օրինակ, Ասկերանի Խրամորթ գյուղում, ինչպես նաև Արցախի հայկական մշակութային ժառանգության շարունակական ու հետևողական ոչնչացմանն ուղղված գործողությունները, որոնց մասին բազմաթիվ տեղական ու միջազգային զեկույցներ են եղել՝ ներառյալ Եվրոպական խորհրդարանի մարտի 10-ի բանաձևը Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Համաձա՞յն եք այն գնահատականի հետ, որ Ադրբեջանը էթնիկ զտումների հստակ քաղաքականություն է վարում Լեռնային Ղարաբաղում: Ինչպե՞ս կարող է առհասարակ քննարկվել Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, երբ այնտեղ ապրող մարդկանց կյանքը իրական վտանգի տակ է:
- Ինչպես արդեն նշել ենք՝ մտահոգության տեղիք են տալիս այնպիսի գործողությունները, ինչպիսիք են վերջին շրջանում գրանցված գազամատակարարման խաթարումները և ադրբեջանական զորքերի տեղաշարժերը շփման գծի հատվածում: Ապրիլի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցում պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծեց տարածաշրջանում իրավիճակի հետագա սրումից խուսափելու կարևորությունը: Իրավիճակն ապաէսկալացնելու համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ուղիղ հաղորդակցության միջոցներ կիրառեն:
- Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Միացյալ Նահանգները Արցախի բնիկ ժողովրդի կենսական և հիմնարար իրավունքները պաշտպանելու համար: Ի վերջո, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են, այդպես չէ՞:
- Ինչպես ավելի վաղ ասացի՝ մենք շարունակում ենք կարծել, որ տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորումը: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն այս նպատակին հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ, իսկ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում:
- ԱՄՆ դեսպանությունը հաղորդեց, որ Դուք հանդիպում եք ունեցել Ադրբեջանում պահվող ռազմագերիների հարազատների հետ: Որևէ առաջընթաց կա՞ նրանց վերադարձնելու գործընթացում:
- Այո՛, մարտի 29-ին ես հանդիպեցի 2020 և 2021թթ. գերեվարված հայ զինծառայողների ազգականներին: Ներկա էին ե՛ւ անհայտ կորածների, ե՛ւ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ: Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և հաշվի առնելով հարազատների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկություններ չունեցող ընտանիքների ցավը՝ մեծացնել ջանքերը միտված անհայտ կորած զինծառայողների մասին (այդ թվում՝ 1990-ականներից) տեղեկություններ ձեռք բերելուն:
- Նկատի ունենալով ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքները՝ ի՞նչ դիրքորոշում ունի Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով սկսված բարձր մակարդակի երկխոսության և տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ապաշրջափակմանն ուղղված բանակցային գործընթացի վերաբերյալ:
- Մենք ողջունեցինք վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպումը որպես դրական պահ՝ նախապատրաստելու խաղաղության բանակցությունները և ձևավորելու երկկողմ հանձնաժողով սահմանների դելիմիտացիայի հարցով: Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում։ Ինչպես ապրիլի 5-ին երկու երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցների ժամանակ նշեց պետքարտուղարը՝ մենք շարունակում ենք խրախուսել խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև և վերահաստատում, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին երկկողմ ձևաչափով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ տևական և համապարփակ խաղաղության հասնելու հարցում այդ երկրներին օգնելու նպատակով:
- Իսկ ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար՝ նկատի ունենալով Երևանի և Անկարայի միջև սկսված նոր երկխոսությունը: Ինչքան հիշում եմ՝ Ամերիկան միշտ աջակցել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացմանը, հատկապես՝ հայտնի «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացի ժամանակ: Ամերիկյան կառավարությունը աջակցո՞ւմ է այս նոր բանակցություններին՝ հաշվի առնելով նաև ընթացիկ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրավիճակը:
- Միացյալ Նահանգները սատարում է Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությանը, որը կարող է հանգեցնել այս երկու հարևան պետությունների հարաբերությունների կարգավորմանը՝ մի արդյունք, որը կարևոր է այս երկու երկրների ապագայի և Կովկասում կայունության համար: Միացյալ Նահանգների դիրքորոշումը վաղուց ի վեր եղել և մնում է այն, որ հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների և առանց այլ հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների հետ կապելու:
- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պատմական հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախորդ տարվա ամենահիշարժան իրադարձություններից էր Հայաստանի և հայ-ամերիկյան հարաբերությունների համար: Այս հայտարարությունը շատ կարևոր էր հայության համար ոչ միայն հանուն արդարության, այլ որովհետև Նահանգները շատ մեծ ազդեցություն ունի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ միջազգային հարաբերություններում: Ուրեմն պե՞տք է արդյոք ակնկալենք, որ նախագահ Բայդենի քայլը կխթանի ավելի քան մեկուկես միլիոն հայերի զանգվածային կոտորածների ճանաչումն ու դատապարտումը ամբողջ միջազգային հանրության, այդ թվում՝ Թուրքիայի կողմից որպես ցեղասպանություն, այսինքն՝ որպես մարդկության դեմ հանցագործություն:
- Նախագահը հանձնառու է խթանել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը ողջ աշխարհում և թույլ չտալ, որ երբևէ կրկնվեն այսօրինակ վայրագությունները: Այստեղ էական նշանակություն ունի պատմական փաստերի ընդունումը: Ինչպես նշված էր նախագահի ուղերձում՝ մենք հիշատակի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրության վերջին տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերին: Միացյալ Նահանգները հարգանք է տածում այս ողբերգության հետևանքով աշխարհի տարբեր երկրներում հանգրվանած հայերի տոկունության ու վճռականության հանդեպ: Ինչպես նշված է ապրիլքսանչորսյան ուղերձում՝ Միացյալ Նահանգներն իր հարգանքի տուրքն է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և չի փնտրում մեղավորներ: Մենք խրախուսում և ողջունում ենք պատմության ցավալի էջերը ճանաչելուն և դրանց հետ հաշվի նստելուն ուղղված ջանքերը, ինչը կարևորագույն քայլ է առավել արդարացի ու հանդուրժողական ապագայի հիմքերը կառուցելու ճանապարհին:
- Շատ հետաքրքիր կլինի նաև լսել և տեղեկանալ Ձեզնից, թե ինչպիսին է ընդհանուր առմամբ ներքին հասարակական, սոցիալ-տնտեսական, սոցիալ-քաղաքական իրավիճակն այսօր Միացյալ Նահանգներում: Նկատի ունեմ՝ վերջին մի քանի տարվա ընթացքում Միացյալ Նահանգները նույնպես առերեսվել է շատ բարդ մարտահրավերների՝ ներառյալ կորոնավիրուսի համավարակը, հանրային բևեռացման խորացումը 2016-ի նախագահական ընտրություններից հետո, որի կուլմինացիան երևի թե նախորդ տարվա իրադարձություններն էին, երբ ցուցարարները գրոհեցին Կոնգրեսի շենքը: Որո՞նք են այն կարևոր նորությունները, որոնց մասին, Ձեր կարծիքով, հայ հասարակությունը պետք է իմանա:
- Շնորհակալություն: Իրոք, վերջին մի քանի տարիները բերեցին որոշ մարտահրավերներ, այդ թվում՝ ձեր թվարկածները, բայց միևնույն ժամանակ ցույց տվեցին ամերիկյան ժողովրդի և մեր ժողովրդավարական կառավարման համակարգի տոկունությունը:
ՔՈՎԻԴ-19-ի համավարակն իսկապես աննախադեպ խնդիրներ ստեղծեց ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլ ամբողջ աշխարհում՝ ազդելով ամեն ինչի վրա՝ սկսած առողջապահությունից մինչև կրթություն և համաշխարհային տնտեսություն: Իհարկե, պետք է ընդունենք, որ կորուստներ ունեցանք և գիտակցենք, որ համավարակը դեռևս չի ավարտվել, սակայն պետք չէ մոռանալ մեր ճկուն արձագանքը և արագ ու ճիշտ կողմնորոշվելը, ինչն օգնեց պայքարել այս հիվանդության դեմ, մասնավորապես՝ մշակելով նոր պատվաստանյութեր ու մարդկանց կյանքը փրկող դեղամիջոցներ ռեկորդային կարճ ժամանակում, հարմարվելով համավարակից բխող իրողություններին և «նոր նորմալ» իրավիճակին եւ, ի վերջո, այս իրավիճակից դուրս գալով ավելի տոկուն ու ուժեղ: Չնայած հանրային մեծ բանավեճին՝ այս պահին ԱՄՆ բնակչության ավելի քան երկու երրորդը լիարժեք պատվաստված է, իսկ առավելապես Միացյալ Նահանգների ջանքերով այսօր ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութը լայնորեն հասանելի է ողջ աշխարհում:
Մեկ այլ թեմա, որին ուզում եմ անդրադառնալ, կլիմայի փոփոխությունն է: Կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ իրազեկվածության մեծացմամբ պայմանավորված մենք այժմ տեսնում ենք, որ մենք՝ որպես հասարակություն սկսել ենք կլիմայի փոփոխության համատեքստում այլ կերպ մտածել մեր ապագայի մասին: Ամերիկացիներից շատերը կլիմայի փոփոխության որոշակի դրսևորումների արդեն բախվում են, օրինակ՝ տևական շոգեր, սակավաջրություն և երաշտներ, անտառային հրդեհներ, եղանակային տարերքներ՝ ջրհեղեղներ և փոթորիկներ։ Այս ամենին զուգընթաց մեծանում է այն գիտակցումը, որը կլիմայի փոփոխությունը սպառնալիք է երկրի ապագայի համար և անհրաժեշտ է ավելին անել ու ավելի արագ միջոցներ ձեռնարկել կլիմայի փոփոխության բուն պատճառների վերացման ուղղությամբ: Այս միտումը, անշուշտ, կշարունակվի, քանի որ կլիմայի փոփոխության ազդեցությունն ավելի ու ավելի տեսանելի է դառնում: Կարող եմ ասել, որ ԱՄՆ պետքարտուղարությունը կլիմայական ճգնաժամի հաղթահարումը դիտարկում է որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության, դիվանագիտության և ազգային անվտանգության առանցքային խնդիր:
Այս աշնանը ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի միջնաժամկետ ընտրություններ են լինելու, և ուզում եմ ընդգծել, որ Միացյալ Նահանգները հանձնառու է ժողովրդավարական գործընթացներին: Մեր հանձնառությունն ամուր է ու խարսխված է ժողովրդավարության մեր սեփական փորձի վրա, որը թեպետ կատարյալ չէ, սակայն մենք մշտապես ձգտում ենք առավել կատարյալ դարձնել մեր միությունը: Ես բոլորովին աչք չեմ փակում այն խնդիրների վրա, որոնց բախվում է Միացյալ Նահանգները, բայց վստահ եմ, որ ժողովրդավարությունը կարող է լավագույնս լուծումներ ապահովել մերօրյա ամենամեծ մարտահրավերներին ու նախանշել առաջընթացի ուղի ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ նաև Հայաստանի համար:
- Եվ վերջին հարցը՝ հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումներ անցկացվելո՞ւ են:
- Մեր հարաբերությունների երեսնամյա հոբելյանին նվիրված մեր արշավը մեկնարկել ենք դեռևս Հայաստանի անկախության օրվանից՝ սեպտեմբերի 21-ից: Ձեզ և Ձեր ընթերցողներին առաջարկում են հետևել մեր ֆեյսբուքյան էջին, որտեղ մենք անդրադարձ ենք կատարում մեր հարաբերությունների կարևորագույն ձեռքբերումներին, ներկայացնում Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանների դիտարկումները և մեր ընթացիկ աշխատանքները: Նաև հույս ունեմ, որ ԱՄՆ անկախության օրը կկարողանանք առերես տոնական ընդունելություն կազմակերպել և պատշաճ կերպով նշել մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը: