Վաշինգտոնը և Անկարան կաշխատեն որպես դաշնակիցներ և գործընկերներ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գործընթացում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Նյու Յորքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն իր հերթին հայտնել է, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև թուրքական կողմին ամերիկյան F-16 կործանիչների մատակարարման շուրջ բանակցություններում դրական առաջընթաց կա։
«ԱՄՆ պետքարտուղարը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կտեղեկացնի դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր անդամակցության վերաբերյալ Անկարայի մտահոգությունների մասին»,- հայտնել է Չավուշօղլուն։
Բլինքենի խոսքով էլ՝ երկու երկրների օրակարգում առկա են մի շարք այլ հարցեր։ «Բազմաթիվ այլ մարտահրավերներ և հնարավորություններ կան, այդ թվում՝ Հարավային Կովկասում»,- մանրամասնել է պետքարտուղարը։