Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով:
«Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հարաբերություններում մենք վարում ենք հավասարակշռված քաղաքականություն։ Ես մտադիր չեմ խզել կապերը ո՛չ Պուտինի, ոչ էլ Զելենսկու հետ»,- նշել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը հավելել է, որ Անկարան չի կարող հրաժարվել ռուսական գազի մատակարարումներից. դա ռազմավարական նշանակության հարց է: Էրդողանը հավելել է, որ երկրի սպառած գազի կեսը Թուրքիան ստանում է Ռուսաստանից:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցին՝ Թուրքիայի ղեկավարը նշել է, որ դաշինքի անդամներն արդեն տեղեկացվել են Անկարայի դիրքորոշման մասին:
«Մենք մեր գործընկերներին տեղեկացրել ենք, որ «ոչ» ենք ասելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը։ Շարունակելու ենք մեր ճանապարհը նույն ուղղությամբ»,- ասել է Էրդողանը: