Մայիսի 15-ին Սիրիայում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի առաքելությունները համակարգող Արկադի Տոնոյանը Դամասկոսում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական տիկին Ջոյս Մսույայի և Սիրիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Իմրան Ռիզայի հետ։
Հանդիպման ընթացքում Արկադի Տոնոյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին իրենց կատարած աշխատանքի և իրավիճակի վերլուծության համար, ինչպես նաև Սիրիայում հումանիտար գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններին, որոնց կատարած աշխատանքի արդյունքում հնարավորություն է ընձեռվել Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնին իրականացնելու իր գործունեությունը Սիրիայում հումանիտար ականազերծման բնագավառում։
ՄԱԿ-ի ականազերծման ծառայության զինամթերքի հայտնաբերման և տեղանքի գնահատման խումբն օգտագործել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության ֆինանսավորումը՝ կառավարության կողմից վերահսկվող տարածքներում Դամասկոս նահանգի արվարձաներում՝ Դարայայի շրջաններում հումանիտար հակաականային գործողություններին աջակցելու համար:
ՄԱԿ-ի ականազերծման ծառայության խմբերը մարտական գործողությունների տարածքում տեղորոշել են վտանգավոր տեղանքներ, որտեղ այժմ Հայաստանի հումանիտար ականազերծման կենտրոնն իրականացնում է մաքրման աշխատանքներ՝ հետագայում տարածքները տեղացիների կողմից արդյունավետ օգտագործելու նպատակով:
Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը 2021 թ. դեկտեմբերից մինչև օրս մաքրել է շուրջ 551,600 քմ տարածք, որտեղ հայտնաբերվել էր 165 չպայթած զինամթերք, որից 107-ը ոչնչացվել են։
«Մաքրումը միակ միջոցն է պայթուցիկ զինամթերքի սպառնալիքը մշտապես նվազեցնելու համար։ Միառժամանակ, ոչ տեխնիկական հետազոտությունները և մաքրումը պետք է առաջնահերթություն ստանան, որպեսզի հեշտացնեն, պահպանեն և ընդլայնեն գործողությունների քանակը»,- նշել է Արկադի Տոնոյանը։
Հանդիպման ընթացքում բոլոր ներկաները բարձր են գնահատել Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի իրականացրած աշխատանքները: