ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը տեղեկություններ է հայտնել Ալավերդու ադամանդի վերամշակման գործարանի ներդրումային ծրագրի մասին, ներկայացրել ընթացիկ վիճակը:
«Տեղեկացրել եմ, որ «Էյ Դի Էմ դայմոնդս» ընկերությունը նախատեսում է Ալավերդիում հիմնել ադամանդի վերամշակման գործարան։ «Ալավերդի դայմոնդս» ընկերությունն արդեն պետական գրանցում է ստացել։ Ընկերությունը ձեռք է բերել արտադրության համար անհրաժեշտ սարքավորումները։
Շենքը, որն ընկերությունը ձեռք բերելու հայտ է ներկայացրել, վերաչափագրման կարիք ուներ, քանի որ իրական չափն ու չափն ըստ նախկին հատակագծի չէին համապատասխանում։ Խնդիրն արդեն լուծված է։
Պետական գույքի կառավարման կոմիտեն երեկ ավարտեց շենքի գնահատման աշխատանքները, արդյունքներն այսօր կներկայացվեն ներդրողին։
Հիշեցնեմ՝ ընկերությունը Ալավերդու Միքայել Նալբանդյանի անվան նախկին դպրոցի շենքի ձեռքբերման հայտ էր ներկայացրել (շենքը 19 տարի չի շահագործվել, վթարային վիճակում է)` ստանձնելով պարտավորություն այն ու հարակից տարածքը հիմնանորոգելու, համայնքում սոցիալական ծրագրեր իրականացնելու։
Շենքի կարգավիճակի հետ կապված աշխատանքն օրենքով սահմանված կարգով ըստ ընթացակարգերի շարունակվում է։ Փորձում ենք այն ավարտել հնարավորինս արագ։
Հիշեցնեմ՝ մեկնարկային փուլում նախատեսվում է ստեղծել 150 աշխատատեղ՝ այն ավելացնելու հեռանկարով։ Տարիքային սահմանափակում չկա»,- Ֆեյսբուքի էջում գրել է պատգամավորը: