Հունիսի 8-ին «Կենսաբանություն» ու «Աշխարհագրություն» առարկաների քննությամբ կսկսվի դիմորդների ընդունելությունը: Բուհերում սովորելու համար հայտագրվել է 13573 դիմորդ՝ նախորդ տարվա համեմատ 450-ով ավելի: Եթե անցած տարի հնարավորություն էր տրվել դպրոցից միավորներ բերել, այս տարվա նորամուծությամբ պարտադիր է երկու միասնական քննությունը:
Կարո Նասիբյան (ԳԹԿ փոխտնօրեն) - Հայտագրման արդյունքում ամենած թիվը գրանցվել է անգլերեն առարկայից՝ 5587, 2-րդ տեղում մաթեմատիկան է, 3-րդ տեղում՝ հայոց լեզուն ու հայ գրականությունը:
Թե ինչու են դիմորդներն ամենից շատ անգլերենն ընտրել, ԳԹԿ փոխտնօրենը փաստում է՝ անգլերենից գրեթե միշտ բարձր միավորներ են գրանցվում: Երկու քննական առարկայի պարտադիր ներդրման շնորհիվ ավելացել է ֆիզիկա հանձնողների թիվը:
Կարո Նասիբյան - Նոր կարգով հունիսի քննությունը դառնում է երկրորդ փուլի քննություն, առաջին փուլը նոր կարգով կազմակերպվելու է հունվարին:
Հունվարին դիմորդները հնարավորություն են ունենալու հայտագրել միայն քննական առարկաները, երկրորդ փուլի ժամանակ՝ և՛ մասնագիտությունը, և՛ առարկաները: Հունվարին նաև քննություն կկազմակերպվի, եթե միավորները դիմորդին բավարարեն, կարող են երկրորդ փուլի միասնական քննությանը չմասնակցել: Ըստ Կարո Նասիբյանի՝ փոփոխությունը գիտելիքները ստուգելու հավելյալ հնարավորություն է:
Կարո Նասիբյան - Ի՛նչ ենք ակնկալում՝ դիմորդը, դիմորդի ծնողը, նաև կրկնուսույցը, մեկ անգամ ևս ստուգեն՝ արդյոք երեխան ինչ-որ բան յուրացրե՞լ է, թե՞ ոչ:
Դիմորդների թվի ավելացմամբ պայմանավորված՝ ավելացրել են նաև քննական կենտրոնները, անցած տարվա 36-ի փոխարեն 41-ն են լինելու: Ինչ վերաբերում է այս տարվա պահանջված մասնագիտություններին՝ թոփ հնգյակում Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական գործն է, ԵՊՀ-ի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկան, Տնտեսագիտական համալսարանի կառավարումը, ԵՊՀ-ի իրավագիտությունը, Տնտեսագիտական համալսարանի ֆինանսները:
Շիրակի և Վանաձորի պետական համալսարաններն այս տարի մաթեմատիկայի մասնագիտությամբ դիմորդ չեն ունենա: Պատկերը մտահոգիչ է նաև Երևանի արվեստի բուհերում:
Կարո Նասիբյան - Ցավոք, թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում թատերագիտության և կինոգիտության բաժիններում դիմորդ չունեն, դիմորդ չունեն կոնսերվատորիայի ազգային նվագարաններից բոլորը, ջութակի, դիրիժորական բաժինները նույնպես:
Այն դիմորդները, որոնք հայտագրման ժամկետներում չեն տեղավորվել, արդեն դիմել են կրթական գերատեսչությանը՝ քննություններին մասնակցելու խնդրանքով: Միասնական քննությունները կավարտվեն հունիսի 24-ին: Լրացուցիչ փուլի համար դիմումների ընդունումն էլ կսկսվի հունիսի 26-ից: