Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանյան մի շարք պոլիկլինիկաներում արդյունավետ կառավարում ապահովելու, ինչպես նաև բնակիչներին մատուցվող ծառայություններն ու շենքային պայմանները բարելավելու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախատեսում է որոշ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպում:
Դրանցից են նաև «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ-ն, որը միանալու է «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնին և թիվ 1, 5 պոլիկլինիկաներն ու «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ընկերությունը, որոնք նախանշվում է միացնել թիվ 4 պոլիկլինիկային:
Նախաձեռնության նպատակն անձամբ աշխատակիցներին ներկայացնելու համար Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ավագանու անդամների հետ այցելել է նախագծում ընդգրկված բուժհաստատություններ:
Մինչ նախաձեռնության գործնական փուլ տեխափոխումը ուսումնասիրվել և վեր են հանվել բոլոր խնդիրները:
Ծրագրում հիմնականում ընդգրկվել են համեմատաբար փոքր թվով բնակչություն սպասարկող այն պոլիկլինիկաները, որոնք չունեն համապատասխան ֆինանսական և կադրային ներուժ՝ բնակչությանն անհրաժեշտ ծավալի և որակի բժշկական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև սեփական միջոցներով զարգանալու համար:
«Խոշորացումն ի՞նչ առավելություն է տալու երկու պոլիկլինիկաներին. նախ գնումների խոշորացում է տեղի ունենալու, նույն ապրանքը, որ ձեռք են բերում երկու կազմակերպություններն առանձին, կգնեն ավելի մեծ ծավալով, ինչի դիմաց ստանալու են ավելի մեծ զեղչ: Լաբորատոր բլոկը, գիտեք, ինչքան սարքը ծանրաբեռնված է, այնքան ծախսաարդյունավետ է աշխատում, ինչը հնարավորություն կտա լրացուցիչ նոր սարքեր ներգրավել և ավելի որակյալ հետազոտություններ իրականացնել: Երկու շենք պահելու համեմատ ավելի քիչ ներդրումներ են պահանջվելու: Ավելի նպատակահարմար է մեկ շենքը հիմնանորոգել և հարմարավետ պայմաններ ապահովել: Ֆինանսական առողջացումը բերելու է ոլորտների բարելավման, այդ թվում՝ աշխատավարձերի բարձրացման, ընթացիկ ծախսերի բավարարման, միանշանակ՝ ծառայությունների հասանելիության, որակի ու մատչելիության բարձրացման: Ես շատ լավ հասկանում եմ, որ երկար տարիներ աշխատել եք այստեղ, ձեզ համար լրացուցիչ անհարմարություն է տեղափոխվել մեկ այլ վայր»,- ասել է փոխքաղաքապետը:
Երևանի թիվ 1, 4 և 5 պոլիկլինիկաներում ու «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ընկերությունում, ի դեպ, վերջին տարիների ընթացքում առաջացել են ֆինանսական դժվարություններ, կուտակվել են պարտքեր:
Վերակազմավորման գործում հաշվի են առնվել պոլիկլինիկաների շենքային ընդարձակ պայմանները, ընտրվել են այն կառույցները, որոնք հնարավորություն ունեն մեկ վայրում լիարժեքորեն ապահովել միավորված համաբուժարանների բնականոն աշխատանքը:
«Կրճատումներ չեն նախատեսվում, այսինքն այստեղ օպտիմալացման խնդիր չկա: Բոլոր աշխատակիցները պետք է իրենց աշխատանքը պահպանեն, հետագայում արդեն աշխատանքի որակը կգնահատվի, ոչ թե քանակական կրճատումներ կլինեն, այս առումով խնդիր դրված չէ»,- վստահեցնում է Գևորգ Սիմոնյանը:
Առողջապահական բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման որոշման նախագիծն առաջիկայում կներկայացվի Երևանի ավագանու քննարկմանը: