Մինչև 1929 թվականը Խորհրդային Հայաստանում անկլավներ չեն եղել՝ պնդում է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը՝ կաշվե թղթապանակից դուրս բերելով խնամքով պահված քարտեզները: Հենց սրանց վրա, ըստ նրա, պարզ երևում է, թե ինչպես տարիների ընթացքում մեր երկրի տարածքից մաս-մաս կտրվեց, փոխանցվեց Խորհրդային Ադրբեջանին: Մասնագետն առանձնացնում է հատկապես 1926 թվականի քարտեզը, որը հրատարակվել է Խորհրդային առաջին հանրագիտարանում, ու կարելի է ասել՝ ծննդյան վկայականն է Սովետի մաս դարձած Հայաստանի:
Ռուբեն Գալչյան (քարտեզագետ, աշխարհագրագետ) - Այստեղ ոչ մի անկլավ գոյություն չունի, 1926 թվական, ընդհանրապես անկլավ չկա այստեղ, իսկ այն տարածքները, որոնք 27-28-ից մինչև 40 թվականները տրվեցին Ադրբեջանին և այս քարտեզի վրա կանաչով են նշված, էդ բոլորն էլ Հայաստանին են պատկանում:
Սա Խորհրդային Հայաստանի սահմանների առաջին քարտեզն է, մինչև այդ որևէ այլ քարտեզ չի հրապարակվել` բացառությամբ 20 թվականինը, որով Հայաստանը, Գալչյանի խոսքով, հանձնվեց Ռուսաստանին: Այստեղ և՛ Նախիջևանը, և՛ Արցախը հայկական են: Բայց վերադառնալով 26 թվական` քարտեզագետը շեշտում է՝ այն հիմնված է խորհրդային շտաբի քարտեզների վրա, որոնք, սակայն, ոչ ոք չի տեսել: Դրանց միայն պաշտոնական Մոսկվան է ծանոթ, այդ մասին նաև Դաշնության նախագահը հայտարարեց, երբ նոր-նոր օրակարգ էին գալիս Երևանի ու Բաքվի միջև սահմանազատման ու սահմանագծման հարցերը:
Ռուբեն Գալչյան - Նախագահ Պուտինը անցած հոկտեմբերին երբ ասաց, որ սահմանագծման ու սահմանազատման հանձնախմբի մեջ պետք է անպայման լինի Ռուսաստանը ևս, քանի որ այն քարտեզները, որ իրենք ունեն, ոչ ոք չունի, փաստորեն այս քարտեզի նախատիպի մասին էր խոսում:
1926-ի Խորհրդային Ադրբեջանի քարտեզում էլ պարզ երևում է՝ նրանք որևէ անկլավ չունեն, Արծվաշենն էլ հայկական է: Մոտ 44 կմ քառակուսի տարածքով գյուղը, սակայն, ադրբեջանական է ներկայացված արդեն 1932-ի քարտեզում՝ բացատրում է մասնագետը, այդ ժամանակ հայկական Ալ լճերի տարածքն էլ է արդեն փոխանցվել հարևանին: 1938-ի քարտեզում էլ արդեն Տավուշի մարզում են անկլավներ ծնվել, բայց թե ի՛նչ հիմքով՝ անհայտ է, ընդգծում է Գալչյանը:
Ռուբեն Գալչյան - Արծվաշենի հանձնելու կամ մյուս անկլավների ստեղծվելու վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չկա, կնքված փաստաթուղթ գոյություն չունի, ըստ երևույթին, դրանից հետո գալիս են 1940 թվականի քարտեզները, և բացի այդ երկուսից` այստեղ երևան է եկել արդեն Տիգրանաշենը` Քյարքին, այդ անկլավը 40 թվականին է երևացել, բայց նորից ոչ մի հիմք չունի:
Հիմքեր իրոք չկան, պնդում է Գալչյանը, ասում՝ ինքը, նաև այլ մասնագետներ արխիվներում երկար փնտրել են, չեն գտել: Նկատում է՝ եթե Ադրբեջանը վստահ է, որ այսօր Հայաստանում անկլավներ ունի, թող ինքը իրավական հիմքեր ներկայացնի: Իսկ թե ինչպես են ի հայտ եկել «անկլավներ» կոչվող տարածքները, պատասխանը հստակ է՝ ասում է քարտեզագետը:
Մոսկվայի հանձնարարականով, քաղաքական որոշմամբ՝ Ադրբեջանին վերահսկողություն էր տրվում Հայաստանի կարևոր գոտիների, ճանապարհների վրա: Նա որպես օրինակ Ալ լճերի անցումն էլ պատմեց: Կարմիր Քրդստան գավառի ձևավորման համար, որ այդտեղի ապագա բնակիչ քրդերն առանց արոտատեղի չմնան, 200 քառակուսի կմ տրվեց Ադրբեջանին՝ առանց տեղի բնակիչների իրազեկման, համաձայնության:
Ռուբեն Գալչյան - Երբ տեղացիները տեսան, որ տվել են իրենց դաշտերը, բողոք գրեցին փոխգործկոմ, թե մեզ մեր դաշտերից կտրել եք, ու խնդրեցին մասնագետ ուղարկել, որ վերաքննի, բանակցի ու նոր սահման գծվի: Երկու շաբաթ հետո պատասխան եկավ այդ նամակին, որ սահմանն արդեն գծված է, և որևէ փոփոխություն հնարավոր չէ: Սա մարդային իրավունքների կոպիտ խախտում է, որ կատարվել է ժամանակին, ինչպես շատ հարցերում է կատարվել խորհրդային օրերին:
Անկլավների թեմային անցած շաբաթ Ադրբեջանի փոխարտգործնախարարն էր անդրադարձել` ասելով, թե Ղազախի շրջանի 7 գյուղ և Տիգրանաշենն իրենց վերադարձնելու հարցը պետք է լուծվի Հայաստանի հետ սահմանազատման համատեքստում։ Դրան ի պատասխան` հայկական կողմից շեշտել էին՝ գոյություն ունեցող քարտեզները պետք է իրավական հիմնավորում ունենան ու քննարկվեն բանակցությունների ընթացքում:
Երևան-Բաքու երկխոսության ֆոնին քարտեզագետը հետ է գնում 1970 թվական:
Ռուբեն Գալչյան - 1970 թվականին վավերացրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած սահմանը, այդ քարտեզը, այո՛, երկկողմ վավերացվել է, այդ քարտեզների մեջ նույնպես անկլավներ գոյություն ունեն` Ադրբեջանի անկլավներ, բայց շատ կարևոր խնդիր կա այստեղ` Ադրբեջանն իր Սահմանադրությամբ հայտարարել է, որ ինքը ժառանգորդը չէ Սովետական Ադրբեջանի, ինքը ժառանգն է Առաջին հանրապետության. Առաջին հանրապետության տարածքում երբևէ անկլավ գոյություն չի ունեցել:
Ադրբեջանը ոչ միայն հակասում է սեփական Սահմանադրությանը, խախտում է անգամ 1970-ին վավերացրած քարտեզը, պնդում է աշխարհագրագետը` հիշեցնելով 2021-ի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, որը Բաքուն փորձ է անում հիմնավորել կեղծ քարտեզներով:
Ռուբեն Գալչյան - Եթե էսօր ուզում ենք սկսել սահմանագծում, պիտի ամբողջ զորքերը հետ քաշի խորհրդային սահմանների վրա, ամբողջ տարածքով, առանց դրա սահմանազատում, սահմանագծում հնարավոր չի անել, քանի որ կասի` այստեղ եմ՝ իմն է, բայց իրենը չէ, քանի որ խորհրդային քարտեզը, որ ինքն է ստորագրել, էդտեղից չի անցնում, բավական խորքն է անցնում, օրինակ` Սև լիճը... Խորհրդային քարտեզների վրա բարակ գիծ է իրենցը, 90 տոկոսը Հայաստանի տարածքում է գտնվում հենց սովետական քարտեզի վրա:
Գալչյանը վստահ է՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովում, որի կառուցվածքը կողմերն արդեն համաձայնեցրել են, Երևանը պետք է ներկայանա բանիմաց մասնագետներով:
Սահմանների հստակեցման հարցում շտապողականությունը կարող է ի վնաս մեզ լինել, նշում է քարտեզագետը` հավելելով՝ նման վիճահարույց հարցերում ամեն գիծն ու մանրուքը կարևոր են, կանխատեսում՝ սա առնվազն 20-30 տարի ձգվող պրոցես է: