Օր 18-րդ. բերման ենթարկված 364 քաղաքացի:
«Դիմադրություն» շարժումն այսօր կրկին առավոտյան ժամը 8.00-ից մայրաքաղաքի տարբեր հատվածներում վերսկսել էր անհնազանդության ակցիաները: Ակցիայի մասնակիցները փակել էին Պուշկինի-Կողբացու խաչմերուկը, Մաշտոցի պողոտան, Աբովյան, Մոսկովյան, Ռուբինյանց փողոցները:
Անհնազանդության ակցիաների ժամանակ ցուցարարների և ոստիկանների միջև պարբերաբար լարվածություն էր առաջանում:
«Դիմադրություն» շարժման անդամներն անհնազանդության գործողություններ իրականացրին նաև Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում, ինչի պատճառով մոտ 30 րոպե կաթվածահար էր եղել մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը:
Կուտակումներ չառաջացնելու պատճառով մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակվել էին: Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ կարճ ժամանակ անց բոլոր կայարանների դռները բաց են, գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն:
Կեսօրին արդեն ոստիկանությունը հայտարարություն տարածեց` նշելով, որ ոստիկանության գործողությունների արդյունքում քաղաքում երթևեկությունը վերականգնվել է, բոլոր փողոցները բաց են:
«Ո՛չ քաղաքը, ո՛չ որևէ պետական կառույց պարալիզացված չեն»,- Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, անդրադառնալով ընդդիմության ակցիաներին, հայտարարել է ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Արա Ֆիդանյան (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ) - Ոստիկանությունը հստակ իրականացնում է իր գործառույթները, և պատվով պետք է նշեմ՝ մինչ օրս իրականացրած բոլոր գործողությունները, դրանց զգալի մասն իրականացվել են օրենքի շրջանակում, և անչափ կարևոր եմ համարում հենց այստեղ արձանագրել, որ արդեն 20 օր է՝ ինչ նման գործողություններ են, ինչպես նաև մասնակիցներն են նշում՝ անհնազանդության գործողություններ են, սակայն ոստիկանության կողմից գեթ մեկ անգամ չի կիրառվել հատուկ միջոց, բացառությամբ մեկ դեպքի, երբ եղել են միայն վահաններ: Խոսքս վերաբերում է նրան, որ որոշ անձինք հիշատակում կամ փորձում են ներկայացնել, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում:
«Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը առավոտյան Ֆեյսբուքի իր էջի լայվում հայտարարեց, որ որևէ կերպ այս պայքարը կանգ չի առնելու:
Սաղաթելյանը ակցիայի մասնակիցներին կոչ արեց հավաքվել Ֆրանսիայի հրապարակում, երթ անել ու կրկին հանդիպել երեկոյան հանրահավաքին: Մինչ այդ Ֆրանսիայի հրապարակում հավաքվածները Երևանի փողոցներում իրազեկման երթ անցկացրին:
Օրվա ընթացքում մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն տարածեցին` ի պաշտպանություն Հայաստանում ժողովրդավարության դեմ ոտնձգությունների: «Հայաստանում որոշակի խմբեր վերջին տարիներին բռնության շարունակական և ակտիվ քարոզ են իրականացնում»,- բաց նամակում նշել են նրանք և ընդգծել՝ այդ խմբերի կողմից բռնության քարոզն ուղեկցվում է իրենց կարծիքը չկիսող կամ իրենց գործողություններին չմասնակցող մարդկանց հանդեպ բռնություններով և հարձակումներով։ Պնդում են՝ օրինական մեխանիզմներով պետք է դադարեցնել քաղաքացիների նկատմամբ բռնությունն ու ահաբեկումները, որոնցով արժեզրկվում են հենց ժողովրդավարական ինստիտուտներն ու մարդու իրավունքները։