Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Լուրեր»-ի հարցին, թե ինչպես է գնահատում տարածաշրջանային և տնտեսական կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, պատասխանել է.
«Մոսկվան Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման հարցը առանցքային խնդիրներից մեկն է համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում համագործակցության համատեքստում: Բարձր ենք գնահատում ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Այդ խմբի համանախագահները կանոնավոր շփման մեջ են, որպեսզի բոլոր կողմերին բավարարող որոշումներ մշակվեն»,- ասել է Զախարովան։
Նա նաև հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Երևան էր այցելել ռուսաստանցի համանախագահ, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել տարածաշրջանի հաղորդակցության խնդիրները։