Գործադիրը լրացումներ է առաջարկում «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում և ՀՀ քրեական օրենսգրքում: Կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաև թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության, իրացման, հափշտակության, շորթման, մաքսանենգության, դրանց գործածմանը հակելու, ներգրավելու, գործածմանը նպաստելու և դրանց ապօրինի կիրառության այլ դեպքերում:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հարցը ներկայացնելիս՝ նշել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների կողմից փոփոխություններ են կատարվել «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում:
ՀՀ Ազգային ժողովն արդեն վավերացրել է համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը:
Նշված արձանագրության դրույթներին համապատասխանեցնելու նպատակով էլ առաջացել է օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը: