Անտրէ Գումուշճեան («Իմ անտառ Հայաստան» ՀԿ հիմնադիր տնօրեն) - Ամեն մեկ փոսը մենք 3 կաղին կդնենք: Ինչո՞ւ 3. որովհետև, սովորաբար, 35 տոկոս կաճի, և եթե 3-ը դնես, կարծենք, որ մինիմում մի հատ պիտի դուրս ելնե․ բայց նայե, հոս արդեն 2-ը կա։
Եթե Կովկասյան կաղնու տնկիները կպչեն հողում, տարիներ անց 1 հա տարածքում 4000 ծառ կտեսնենք։
Շրջակա միջավայրի նախարարը My Forest Armenia-ի Գուգարքի տնկարանի Հյուրերի ծառուղում անվանական ծառ է տնկում: Հակոբ Սիմիդյանի խոսքով՝ նոր անտառների հիմնումը Կառավարության առաջնահերթություններից է, վստահ է՝ միայն 1 ծառ տնկելով՝ կարելի է նպաստել բնական միջավայրի պահպանությանը:
Հակոբ Սիմիդյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարար) - Կառավարությունը մեծ ջանքեր է, իհարկե, ներդնում էս գործընթացի համար, բայց մենք ուրախությամբ համագործակցում ենք նաև մասնավորի հետ։ Հուսամ՝ այլ կազմակերպություններ նույնպես կմիանան նման գործունեությանը, որովհետև կարծում եմ՝ սա շատ կարևոր է մեր երկրի շրջակա միջավայրի պահպանության համար։
Բնապահպանական կազմակերպությունը Լոռու մարզի 180 հա տարածքում արդեն նոր ծառեր է տնկել: Նոր անտառները տարիներ անց կխթանեն մարզում բնապահպանության և գյուղատնտեսության ոլորտների զարգացումը:
Գոռ Ասրյան (Լոռու մարզպետի տեղակալ) - Անտառը մեր հանրապետության հիմնական գանձերից մեկն է, որը պետք է պահել, պահպանել և հնարավորության դեպքում նաև ավելացնել։ Անտառը կնպաստի գյուղատնտեսությանը, բնապահպանական խնդիրներ բավականին կլուծի, հողի դեգրադացման խնդիրներ կլուծի․ ինչ որ չափով կլուծի նաև ջրային ռեսուրսների պահպանման և ավելացման խնդիրները։
Միայն այս գարնանը մոտ 120 հազար սոճու տնկի, նաև այլ ծառատեսակներ ու թփեր են տնկվել Ջրաշենի անտառապատման տարածքում։ Տնկիների հիմնական մասը տեղածին են՝ խոշորառէջ կաղնի, սրատերև և բարձր լեռնային թղկի, սովորական ու կեռիկավոր սոճի և այլն։
Լիլիթ Մարտիրոսյան («Իմ անտառ Հայաստան» ՀԿ փոխտնօրեն) - Այն տարածքը, որը դատարկ Է և անտառ է լինելու, 5 տարի հետո այնտեղ մենք արդեն կանաչ կտեսնենք սոճիները, որոնք կլինեն մոտավորապես 1,5 մետր բարձրության։ Դեռ անտառ չի լինի․ անտառ լինելու համար առնվազն մոտ 20 տարի պետք կլինի սպասել, բայց մեր աշխատանքի առաջին արդյունքները մոտ 5-6 տարի հետո արդեն կսկսենք տեսնել։
Կազմակերպության նպատակը Հայաստանի անտառածածկույթի ավելացումն է։ Ապագայում նախատեսում են անտառ հիմնել նաև Բազումի լեռնաշղթայի հյուսիսային հատվածում՝ մոտ 1400 հա տարածքի վրա։
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան