Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսներն այնքան հին ու մաշված են, որ երբեմն մնում են կես ճանապարհին: Դեպքեր են եղել, որ ուղևորները ներսում՝ մեքենան խափանվել է:
Արմեն Հովհաննիսյան (կարգավորող) - Որ մի մեքենա անսարք լինի ճամփին, ես ստեղից ուղարկում եմ, գնում մարդկանց տանում է:
Ուղևորներից ոմանք անսարքությունը նկատում են, երբ մեքենան դժվարությամբ է հաղթահարում ճանապարհը կամ պարզապես հրաժարվում է առաջ ընթանալ: Ոմանք էլ մեքենայի ֆիզիկական վիճակը գնահատում են առաջին հայացքից:
Նոր մեքենաները, որոնց մասին Էջմիածնում լսել, բայց դեռ չեն տեսել, երթուղի դուրս կգան մոտ օրերս: Մի շարք ուղղություններ սպասարկող Էջմիածնի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային ընկերությունը թարմացրել է պարկն ու պատրաստվում է շահագործման հանձնել «ԳԱԶել» մաշնիշի 20 նոր միկրոավտոբուս: 16-ն արդեն ներկրել են, ևս 4-ը տեղ կհասնեն առաջիկա օրերին: Իսկ դարն ապրած ու շահագործման համար վտանգավոր դարձած մեքենաներն այլևս գիծ դուրս չեն գա:
Վաղինակ Սարգսյան («Էջմիածնի ԲՈՒԱՏ» ԲԲԸ տնօրեն) - Ունենք, որ 15 տարին լրացել է, չենք շահագործելու, իսկ 3-4 տարվա մեքենաները շահագործվելու են:
Ընկերությունը նոր մեքենաները 10 տարով շահագործելու թույլտվություն է ստացել 2021 թվականի նոյեմբերին կայացած ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթում՝ տարածաշրջանի միասնական երթուղիները սպասարկելու փաթեթով:
Վաղինակ Սարգսյան - Էջմիածինը՝ բոլոր գյուղերով, Էջմիածին-Վանաձոր, Էջմիածին-Աշտարակ, Արմավիր, Մասիս՝ դրանք բոլորը մենք ենք սպասարկում: Նոր «ԳԱԶել»-ները բավականին հարմարավետ են, ունեն օդորակիչներ, ոչ շատ փափուկ, ոչ շատ կոշտ նստատեղեր, հարմարեցված են նաև սահմանափակ կարողություններով մարդկանց համար: Եվս 32 ավտոբուս, որ ընկերությունը ներկրել է 2018 թվականին և մինչև օրս շահագործվում է, երթուղուց չեն հանի, դրանք էլ ուղևորների կանոնավոր տեղափոխում կիրականացնեն:
Խնդիր է մնում սպասարկման մշակութի բացակայությունն ու վարորդների ընտրության հարցը: Որոշ դեպքերում նրանք ակնհայտ նյարդային են: