ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ 6-ՐԴ ՓԱԹԵԹՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԵԼ Է
Եվրամիության հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթն արգելափակվել է։ Այդ մասին հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին՝ հույս հայտնելով, որ առաջիկայում հնարավոր կլինի համաձայնության հասնել։
«Նախկինում շատ արագ և միաձայն ընդունել ենք պատժամիջոցների հինգ փաթեթ, սակայն վեցերորդ փաթեթի շուրջ քննարկումները դեռևս սառեցված են հայտնի պատճառներով»,- պարզաբանել է Ջենտիլոնին:
Ավելի վաղ ԵՄ երկրների արտգործնախարարները չէին կարողացել համաձայնության գալ Մոսկվայի նկատմամբ սահմանափակումների նոր փաթեթի շուրջ՝ նավթի էմբարգոյի հարցում կառույցի անդամ երկրների միջև տարաձայնությունների պատճառով։
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԻՇԵԼԻ ԿՈՉԸ
Հունիսին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն ինտեգրացիոն նոր միավորում ստեղծելու հնարավորությունը, որում կընդգրկվեն կառույցի բոլոր պետությունները և դրան անդամակցության թեկնածու երկրները։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։
«Կոչ եմ անում ստեղծել աշխարհաքաղաքական եվրոպական համայնք։ Սա կերաշխավորի, որ ԵՄ անդամակցության թեկնածուները մի օր կդառնան ԵՄ անդամ»,- նշել է Շառլ Միշելը։
Ավելի վաղ նման առաջարկով էր հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ուկրաինական կողմն արձագանքել էր:
«Իրական անդամակցությանը նման այլընտրանք առաջարկելը նման է հեծանիվ հորինելուն։ Կա'մ մենք ԵՄ-ում ենք, կա'մ դրանից դուրս»,- հայտարարել է Բեռլինում Ուկրաինայի դեսպանը։
ԱՐԴՅՈՔ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԵԼ ԵՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՅՏԵՐԸ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ում չի արձագանքել լրագրողների հարցին՝ ճի՞շտ են արդյոք լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի նախնական որոշումը՝ քննարկելու Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ռազմական դաշինքին միանալու հայտերը։
The Financial Times-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել է, որ ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել՝ սկսելու բանակցություններն այդ երկու պետությունների՝ դաշինքին միանալու հարցով, սակայն «Անկարայի առարկությունները խաթարել են քվեարկությունը»։
Պարբերականի տվյալով՝ Թուրքիան երկու պայման է հնչեցրել։ Նախ՝ ՆԱՏՕ-ին անդամակցության նոր թեկնածուները պետք է դադարեցնեն Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցությունը։
Երկրորդ պայմանը ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար ամերիկյան պատժամիջոցների չեղարկումն է և F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագիր Թուրքիայի վերադարձը։
ՌԴ-Ն ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԲՈԼՈՐ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը հայտարարել է՝ Ռուսաստանը կվերականգնի Ուկրաինայի բոլոր ազատագրված տարածքները։
«Համապատասխան որոշումներն արդեն կայացվել են․ կֆինանսավորենք»,- նշել է նա Մելիտոպոլ կատարած այցի ընթացքում։
Խուսնուլինը հավելել է, որ Զապորոժիեի շրջանը կարող է տեղ գտնել «համերաշխ ռուսական ընտանիքում»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքներում նախատեսվում է առավելագույնս շրջանառության մեջ դնել ռուսական ռուբլին։
«ԱԶՈՎՍՏԱԼՈՒՄ» ԳՏՆՎՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ
«Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակված ուկրաինացի զինծառայողները շարունակում են հանձնվել. մեկ օրում զենքը վայր է դրել 694 մարտիկ՝ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«Մայիսի 16-ից հանձնվել է ավելի քան 950 զինվորական, որոնցից 80-ը՝ վիրավոր: Նրանց մեծ մասը տեղափոխվել է Դոնեցկում Նովոազովսկի հիվանդանոց»,- մանրամասնել է Իգոր Կոնաշենկովը։
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԿԱՆՆԻ 75-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ
Ֆրանսիայում մեկնարկել է Կաննի 75-րդ կինոփառատոնը։ 2020 թվականին այն հետաձգվել էր կորոնավիրուսի պատճառով, 2021 թվականին էլ անցկացվել է հիբրիդային ռեժիմով։ Սակայն այս տարի փառատոնը վերականգնել է իր ավանդական ձևաչափը՝ Միջերկրականի ափին հյուրընկալելով կինոաշխարհի ականավոր գործիչների, ոլորտի մասնագետների և ուղղակի կինոսերների։ Մրցութային ծրագրում առաջադրվել է 21 ֆիլմ։
Կաննի փառատոնի գլխավոր տնօրեն Թիերի Ֆրեմոն նախապես հայտարարել էր, որ ռուսական պատվիրակություններ միջոցառմանը չեն մասնակցելու, սակայն ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի «Չայկովսկու կինը» ֆիլմն ընդգծրկվել է մրցութային ծրագրում։
Ֆրեմոն հիմնավորել է իր որոշումը՝ Սերեբրեննիկովն իր ֆիլմը ստեղծելիս պետական ֆինանսավորում չի ստացել։