Գյումրու քաղաքապետարանում բավականին թեժ մթնոլորտում կայացավ քաղաքի ամենահին «Ճերմակ հիվանդանոցի» վարձակալությանը նվիրված հանրային լսումը։ Շենքը տիպային կառույց է։ Մինչև 2000-ականները գործող հիվանդանոց էր, օպտիմալացումից հետո այն չի շահագործվում, վերջին 10-15 տարին սկսել է քայքայվել։ Կառույցը վարձակալելու և որպես հիվանդանոց շահագործելու հայտ է ներկայացրել վիրաբույժ Աշոտ Կուրղինյանը:
2020 թ. Կուրղինյան ՍՊԸ-ն դիմել է համայնքապետարան, ապա՝ վարձակալին, և ենթավարձակալության է վերցրել հիվանդանոցի շենքի մի հատվածը՝ նպատակ ունենալով ստեղծել էնդոսկոպիկ վիրաբուժական կենտրոն։ Օգտվելով Կառավարության ընձեռած հնարավորությունից՝ Էկոնոմիկայի նախարարության վարկային միջոցներով նորոգել է շենքը: Հետո պարզվել է, որ վարձակալության ժամկետը լրացել է, ու դիմել է համայնքապետարան, որպեսզի ուղիղ համայնքապետարանից վարձակալի։ Հետո տեղեկացել է՝ այլ ընկերություններ ևս ցանկություն ունեն վարձակալել կառույցը։ Նրանցից մեկը դարձյալ հիվանդանոց է ցանկանում կառուցել, մյուսը՝ հյուրանոց։
Կուրղինյանը մեկ միլիարդ դրամի ներդրումային ծրագիր ներկայացրեց` խոստանալով ստեղծել Գյումրիում մինչև այժմ գոյություն չունեցող առողջապահական հնարավորություններ։ Ներկաներից մեկի հարցին՝ ինչը կխանգարի այդ հիվանդանոցը հիմնել քաղաքի այլ հատվածում, Կուրղինյանը պատասխանեց՝ շենքը տիպային է, և լավ կլինի, որ այն դարձյալ ծառայի որպես հիվանդանոց:
Աշոտ Կուրղինյան (վիրաբույժ) - Անկախ Հայաստանի առաջին բազմապրոֆիլային հիվանդանոցն է եղել, Ալեքսանդրապոլում եղել է առաջին բժշկական բազմապրոֆիլ կազմակերպությունը, դեմ եմ շենքի նշանակությունը փոխելուն։
Մրցակից առողջապահական կազմակերպության ներկայացուցիչները Կուրղինյանին խորհուրդ տվեցին մնալ սիրված վիրաբույժ։ Նա էլ «ՆԵՈՄԵԴ ՊՐՈՎԱՅԴԵՐՍ» ընկերության ներկայացուցիչներին հարցրեց՝ ովքեր են այն բժիշկները, որոնք համաձայնել են մայրաքաղաքից գալ ու աշխատել նոր ընկերության հետ։ Աշոտ Կուրղինյանն ասաց, որ ներկայացված բոլոր անուններին զանգել է, և ոչ ոք տեղյակ չէ, որ իրենց անունները հնչեցնում են Գյուրիում։
«ՆԵՈՄԵԴ ՊՐՈՎԱՅԴԵՐՍ» ընկերության ներդրումային ծրագիրը ներկայացրեց ընկերության տնօրեն Ռաֆայել Ներսիսյանի լիազորած անձ Ռոբերտ Դարբինյանը։
Ռոբերտ Դարբինյան («ՆԵՈՄԵԴ ՊՐՈՎԱՅԴԵՐՍ» ընկերության ներկայացուցիչ) - Նախատեսում ենք կառուցել էնդոսկոպիկ վիրաբուժական կենտրոն, գինեկոլոգիայի, օնկոլոգիայի, ուրոլոգիայի բաժանմունքներ, պոլիկլինիկա:
Այս ընկերությունը 400 մլն դրամի ներդրումային ծրագիր ներկայացրեց և խոստացավ որպես վարձակալություն 500 հազար դրամ վճարել համայնքապետարանին։ Երրորդ հայտը ներկայացրած գործարարը ցանկանում է հիվանդանոցի շենքում հյուրանոց կառուցել։
Արա Սարոյան (գործարար) - Նախորդ ելույթ ունեցողն ասում է՝ Ամերիկայից գալիս եք բուժվելու, բայց մի տեղ պիտի մնա, հո չի՞ գնալու Երևան։
Գյումրին խոշոր տուրիստական կենտրոն է։ Բայց գիշերակացի խնդիր կա։ Հանրապետության 847 հյուրանոցներից 33-ն է գործում այս քաղաքում:
Արա Սարոյան - Հյուրը, որ եկել է Գյումրի, որ ման գա, պտի կենտրոնում մնա, չի կարող 58-ում տուն վարձի, նոր գնա կենտրոն: Երևանի կենտրոնում հիվանդանոց չկա, հիվանդանոցները կենտրոնից հեռու են, կենտրոնը տուրիստի համար է:
Հինգ օր անց պարզ կլինի, թե որ հայտատուն է նախընտրելի Գյումրի համայնքի համար։ Հարցը կլուծվի ավագանու քվեարկությամբ։