Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ներքին Բազմաբերդի բնակիչ, 41-ամյա Լուսինե Պետրոսյանը օրերս եռյակ՝ երեք տղա է լույս աշխարհ բերել։
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում գտնվող մայրիկին անձամբ շնորհավորելու և նորածինների առողջական վիճակով հետաքրքրվելու նպատակով այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանն այցելել են ծննդատուն։
Լուսինե Պետրոսյանն այսպիսով դարձավ 6 երեխայի մայր․ ունի 5 տղա և 1 դուստր։
Մարզպետը շնորհավորել է կնոջը հայրենիքին ևս 3 զավակ պարգևելու համար, մաղթել քաջառողջություն և հավաստիացրել՝ Արագածոտնի մարզպետարանը կանգնած է նրա ընտանիքի կողքին և ջանալու է հնարավորինս թեթևացնել նրանց կենցաղային հոգսերը։
Սերգեյ Մովսիսյանը զրուցել է նաև բժիշկների հետ, տեսակցել նորածնային վերակենդանացման և խնամքի բաժանմունքում գտնվող փոքրիկներին։